«Եվրոպայում կրկնակի ստանդարտներ են գործում». Ֆրանսիացի սենատորի պատասխանը՝ ազատ տեղաշարժի իրավունքի մասին Դմիտրի Ադբաշյանի հիշեցմանը

«Եվրոպայում կրկնակի ստանդարտներ  են գործում». Ֆրանսիացի սենատորի պատասխանը՝  ազատ տեղաշարժի իրավունքի մասին Դմիտրի Ադբաշյանի հիշեցմանը

«Միշտ էլ նման բան ասել են, դա նորություն չի, միշտ էլ հայտարարել են, որ Արցախը փակ օդային տարածք  է, որ ամեն ինչ անօրինական է և այլն»,-Times.amի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության կառավարությանը կից ՔԱՎ պետ Դմիտրի Ադբաշյանն՝ անդրադառնալով Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության տարածած  հաղորդագրությանը:

Հիշեցնենք, որ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հաղորդագրություն է տարածել ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում Ադրբեջանի կողմից ղարաբաղյան օդուժի ուղղաթիռի խփման փաստի վերաբերյալ՝ հայտարարելով, որ Ադրբեջանը Ղարաբաղի տարածքը ոչ թռիչքային գոտի է և, որ այդ մասին համապատասխան կարգով տեղյակ է պահվել Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության բոլոր անդամներին:

Թե ինչ խաղաթուղթ կա մեր ձեռքում և ինչով մենք պետք է հակազդենք  Ադրբեջանի այս քայլին, Դմիտրի Ադբաշյանն ասաց, որ դա արտաքին գերատեսչության  մեկնաբանելու հարցն է:

Հակադարձմանը, թե Երևան-Ստեփանակերտ կանոնավոր չվերթ միջազգային հանրությունը թույլ չտվեց՝ պատճառաբանելով, որ դա կսրի իրավիճակը, մինչդեռ առանց դրա էլ  ադրբեջանական կողմը սադրանքների է դիմում, ԼՂՀ ՔԱՎ պետը դարձյալ  զերծ մնաց մեկնաբանություններից. «Ես մի դեպք միայն կարող եմ պատմել՝ վերջերս  ֆրանսիացի սենատորներ էին մոտս եկել, նրանցից մեկը հարցնում է, թե ինչի չենք թռնում,   ես ասացի՝ դա դուք պիտի ասեք, դուք, որ խոսում եք մարդու իրավունքների մասին, թե բոլոր մարդիկ անկախ նրանից որտեղ են ապրում, ունեն  հավասար իրավունքներ, իսկ դրա մեջ նաև ազատ տեղաշարժի իրավունքն է, մինչդեռ արցախցին, փաստորեն,  չունի  հավասար իրավունք: Եղավ  պատասխան՝  մեզ մոտ Եվրոպայում կրկնակի ստանդարտներ  են գործում, բայց ես խոսք եմ տալիս, որ սենատում կբարձրացնեմ  այս հարցը, դուք ճիշտ եք, եթե միջազգային օրենքով շարժվենք…»:

 

 

 

 

 

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում