«Ալ Կաիդա»-ի նոր մարտավարությունը սպառնալիք է Ադրբեջանի նավթատար խողովակաշարերին

«Ալ Կաիդա»-ի նոր մարտավարությունը սպառնալիք է Ադրբեջանի նավթատար խողովակաշարերին

«Ալ Կաիդա» միջազգային ահաբեկչական կազմակերպության ղեկավարները հանդես են եկել իրենց կողմնակիցներին ուղղված հայտարարությամբ, որում վերջիններիս կոչ են արել ամբողջ աշխարհում պայթեցնել նավթատար խողովակաշարերն ու բեռնանավերը: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է «Ռոսսիյսկայա գազետա»-ն:

«Ալ Կաիդա»-ի կարծիքով` այդ գործողությունները էներգետիկ ճգնաժամ կառաջացնեն, որը կապակայունացնի իրադրությունն աշխարհում, կփոփոխի «սեւ ոսկու» գները եւ կդժվարացնի դրա փոխադրումը արտահանող երկրներից ներմուծող երկրներ:

Ադրբեջանում երկյուղով է ընդունվել «Ալ Կաիդա»-ի այդ նոր մարտավարությունը, քանի որ փորձագետները չեն բացառում առանձին ահաբեկչական գործողությունների անցկացումը, որոնք թեեւ չեն անդրադառնա նավթային շուկաներում իրադրությանը, բայց կբերեն մարդկային զոհերի եւ որոշակի ֆինանսական կորուստների:

Այս տարվա սեպտեմբերին Եմենում Մագրիբ նահանգի Վադի Աբիդա գյուղում բեդվինների գրոհի արդյունքում պայթեցվել էր այդ երկրի ամենախոշոր նավթատար խողովակաշարը: Լրագրողները գրել էին, որ գրոհի մեղավորները «Ալ Կաիդա»-ի մարտիկներն էին, որոնք դրանով փորձել էին քայքայել պետու թյան տնտեսական վիճակը, որտեղ եկամուտի հիմնական աղբյուրը նավթի արտահանումն է:

Ընդ որում, ավելի վաղ նշվել էր, որ Եմենում նավթատար խողովակաշարի վրա արմատականների գրոհները միայն 2011 թվականի մարտից մինչեւ 2013 թվականի մարտ ժամանակահատվածում 4,75 մլրդ ԱՄՆ դոլարի վնասներ են հասցրել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում