Հարց է, Ադրբեջանից Հայաստան եկած վառելիքը ադրբեջանակա՞ն է, թե՞ ռուսական․ Ռոբերտ Քոչարյան
Կարդացեք նաև
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ասուլիսի ժամանակ ընդգծել է, որ մեր քաղաքական դաշտում դուրս տալու մոմենտը կա, տեսնում ենք։«Այն խոսակցությունները, որ ադրբեջանական բենզին ներմուծելու շնորհիվ բենզինի գինն իջել է, աբսուրդ է ու հիմարություն, ավելի շատ, ես սրա անունը դրել եմ քարոզչական բենզինի ներմուծում»,-ասել է նա։
Քոչարյանը նշել է, որ նավթի միջազգային շուկայում Սաուդյան Արաբիայի, Բրազիլիայի, Կանադայի ու ԱՄՆ-ի կողմից զգալիորեն ավելացել են նավթի արտահանումները, ինչն իր հետ բերել է նավթամթերքի էժանացման։
«Սա ուղղակի մի այբուբեն է։ Հասկանում եմ, մեր քաղաքական դաշտում մարդն ինչ ուզում է, դուրս է տալիս, վեջը չի, թե հետո մեկը կվերլուծի, թվեր կբերի, բայց դուրս տալու մոմենտը կա, տեսնում ենք։ Եթե էժանացել է, էժանացել է այլ գործոնների հաշվին»,-ասել է ՀՀ երկրորդ նախագահը՝ ընդգծելով նման ծավալով բենզինի ներկրումը չի կարող ազդել գնի վրա, նույնիսկ հարց է, Ադրբեջանից Հայաստան եկած վառելիքը ադրբեջանակա՞ն է, թե՞ ռուսական։
Նրա խոսքով, Ադրբեջանն այդ քանակի վառելիք չունի։ Ռոբերտ Քոչարյանը նկատեց, որ բարի հեքիաթ է, բայց լսել պետք չէ։
«Հիմա եթե ռուսական բենզինը ներմուծվի Ադրբեջան, այնտեղից էլ բարվի Հայաստան, ես անունը դնում եմ քարոզչական վառելիք։ Նախարարն էլ գնա սահմանին ինչ-որ պլակատներով, բանով նստեն, ինչ-որ երգեր երգեն։ Ամոթ է էլի, ամոթ է, էս ինչի՞ տեղ են դրել մեր ժողովրդին։ Մտածում են, որ ոչ մեկ չի ուսումնասիրելու, թվերին չի տիրապետում, չի հանրայնացնելու։ Շատ կներեք, ես այն ժամանակ մի անգամ զանգել եմ Հեյդար Ալիևին, ասել եմ, «Լինս»-ի հիմնադրամով ծրագիր էինք անում, ես անձամբ զանգել եմ իմ գրասենյակից, առաջարկել եմ բիտումն իրենցից առնենք։ Ասեց՝ երկու օր մտածեմ, զանգեմ։ Զանգեց, ասում է՝ ճիշտ ես ասում, բայց մեր մոտ դա կարող է սխալ ընկալվի։ Ես որ այդ գործարքին գնամ, շատ լուրջ քննադատության տակ կհայտնվեմ։ Ասում է՝ տրամադրություններն այստեղ ուրիշ են, դուք հաղթած կողմ եք։ Ուզում եմ նաև, հասկանաք իմ մոտեցումը տնտեսական համագործակցության վերաբերյալ»,-ասել է նա։
Ռոբերտ Քոչարյանը նաև ասել է․ «Թուրքիան շատ ուղղակի աջակցություն է հայտնում Նիկոլ Փաշինյանին, և չեմ կարծում, որ դա իրենց նախաձեռնությունն է: Այդ նախաձեռնությունը գալիս է Հայաստանից, որովհետև այստեղից պատվիրակությունները գնում են այնտեղ և ասում են՝ «մենք այս արևմտյան գիծն ենք բռնել և Ռուսաստանը հիբրիդային պատերազմ է մեր դեմ սկսելու»: Նույնն է, ինչ անում էր Սահակաշվիլին, ես լավ եմ հիշում, իմ ժամանակ է եղել, նույնն է՝ սրում էր հարաբերությունները, հետո վազում Միացյալ Նահանգներ աջակցություն խնդրելու համար: Նույն մոդելն է: Դու փորձում ես սրված հարաբերություններում մեկի գիրկը մտնել, թե դու փորձում ես այդ հարաբերությունների, այսպես ասենք, ոչ խաչման կետում փնտրել այն քայլերը, որոնք քեզ բերում են ոչ թե բախման կետ, այլ այնտեղ, որտեղ համընկնում են շահեր: Մենք այդպես էինք վարում և դրա անունը դրել ենք կոմպլեմենտար քաղաքականություն: Հիմա Հայաստանը անում է ճիշտ հակառակը: Սրի հարաբերությունները և փորձի դրա դիմաց ինչ-որ բան պոկել Արևմուտքից: Եվ սա լինելու է»,-
Քոչարյանը, խոսելով ՀՀ արտաքին քաղաքականության մասին, ասել է․ «Հայաստանը, չգիտեմ ինչու, ինչ նպատակներով, մտնում է այնտեղ, որտեղ անպայման պետք է լինի հակասություն, որտեղ անպայման մեկի հետ հարաբերությունները պետք է կառուցես մյուսի հետ հարաբերությունների փչացման արդյունքում։
Հիշեցնեմ, որ 2018-20 թվականներին այնպիսի հակաթուրքական հայտարարություններ էր անում Նիկոլ Փաշինյանը, որ ոչ մի ղեկավար չի արել։ Այդ ժամանակ բավական սրվել էին Մակրոն-Էրդողան հարաբերությունները։ Մակրոնը փորձում էր հակաթուրքական ոչ ֆորմալ դաշինք ձևավորել։ Այն ժամանակ Հայաստանը միացել է այդ խոսույթին։ Ես 10 տարի նախագահ եղած ժամանակ երբեք հակաթուրքական հայտարարություն չեմ արել։ Ինքը մտավ էդ պատմության մեջ։ Երևի Մակրոնը խրախուսեց, Մակրոնն էլ շաբաթը երկու անգամ կարծիք է փոխում։ Էս մեկն էլ նրա խելքին ընկավ, մտավ այդ պատմության մեջ։ Եվ սա է նաև պատճառներից մեկը, որ Ադրբեջանը «բայրաքթարներ» ստացավ և 2020 թվականի պատերազմում Թուրքիան անթաքույց կանգնեց Ադրբեջանի կողքին։
Քորփա հալովդ ի՞նչ ես մտել այդ հարաբերությունների արանքը, ինչ է թե՝ Մակրոնին դուր գա, որ Մակրոնը համբուրի, ուսին խփի։ Չի կարելի։ Հետևանքը սա է։ Եթե դու «Եռաբլուր»-ը եռապատկել ես ու խելքի չես եկել, նույն բանն ես անում ուրիշ ուղղություններով, սա է ամենից անընդունելին»։
Հետևեք մեզ նաև Telegram-ում