Բագրատ Սրբազանի գործով ապացույցներում չի հստակեցվում․ խոսակցությունները կոնտեքստից կտրված են
Կարդացեք նաև
Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում՝ դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ, այսօր կայացել է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և մյուսների վերաբերյալ «18 արդարների» գործով դատական նիստը։
Այսօր դատարանում շարունակվել է ապացույցների ծավալի հարցի քննարկումը։ Պաշտպանները մի քանի հարց ուղղեցին՝ հանրային մեղադրողի ներկայացրած ապացույցների վերաբերյալ՝ կապված դրանց անորոշության, անհստակությունների, վերաբերելիության հետ, որոնց հստակ պատասխաններ այդպես էլ չհնչեց։
Մասնավորապես, Հովհաննես Խուդոյանը հիշատակել է 2024թ․ նոյեմբերի 28-ին՝ ժամը 19։50-ին խոսակցության արձանագրությունը, ըստ վրույթն իրականացնող մարմնի հայտնած տվյալների, նշվել է՝ «Վազգեն Գալստանյան, Մետաքսե Հակոբյան, Լիդյա Մանթաշյան, Անժելա, Տիգրան, մի խումբ մարդիկ», որով, ըստ մեղադրողի, հաստատվում է իշխանությունը սահմանադրությամբ չնախատեսված եղանակով զավթելու հանցակազմ, ահաբեկչության նախապատրաստումը, ապա հարց է հնչեցվել, թե այդ «Տիգրանն» ով է՝ գործով որպես մեղադրյալ անցնող Տիգրան Թոփալյանը և Տիգրան Գալստյանը, թե այլ անձ, որքանով է այդ ապացույցը վերաբերելի իր պաշտպանյալներին։ Մյուս ապացույցները, որոնց վերաբերյալ հարցադրումներ է հնչեցրել Խուդոյանը, վերաբերում է Իգոր Սարգսյանի, Սրբազանի և ևս մեկ անձի խոսակցության գաղտնալսմանը։ Ձայնագրություններից մեկով էլ նշված է «պարտադիր կրակել-մրակել, խփել»,․ մինչդեռ, նախադասության կոնտեքստից պարզ է դառնում, որ կողքից ինչ-որ մեկն է եկել, նման բան ասել, ասել՝ ինչու չեք անում և պատասխան ստացել․ որ նման բան լինել չի կարող։ Հարց է՝ սա մեղադրանքի ապացու՞յց է, թե ոչ։ Փաստաբանն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ գործի ապացույցներից առանձին հատվածներ հանրայնացվել են՝ կոնկրետ քողի ներքո, ընտրվել են առանձին բառեր, արտահայտություններ, որոնք ընդհանուր նեգատիվ են, բայց ընդհանուր կոնտեքստի դեպքում ակնհայտ է, որ դա որևէ կապ չունի ահաբեկչության հետ։ Փաստաբանը նկատել է, որ մարդիկ, որոնք պլանավորում են փողոց փակել, կարող է վարչական իրավախախտում կատարեն, բայց դա ամենևին չի նշանակում, որ դա ահաբեկչության կամ իշխանությունը յուրացնելու ծանրագույն արարքների հանցակազմի տարր է հանդիսանում։
«Ապացույցներում դրվագ կա, որտեղ քննարկվում է Փարիզի կենտրոնում գոմաղբով ցույցեր կազմակերպելու մասին։ Մարդիկ քննարկում են, բայց եթե այդ նույն տեխնոլոգիան օգտագործենք, ինչպես հանրային մեղադրողներն են օգտագործում, կարող ենք ասել, որ մարդիկ քննարկում են Փարիզի կենտրոնում գործողություններ կատարելու հանգամանքը, բայց, բնականաբար, այդ գործողությունները իրենց վերագրելի չեն»,-ասել է նա։ Ինչ վերաբերում է իրեղեն ապացույցներին, ապա պարզ չէ՝ գունավոր ծուխն ինչպես է ապացուցելու ահաբեկչական հանցակազմ։ Խուդոյանի հարցադրումներին դատախազներն այդպես էլ հստակ պատասխան չեն տվել։ Մյուս մեղադրյալների պաշտպանները ևս նկատել են, թե ինչ կապ ունեն այդ ապացույցներն իրենց պաշտպանյալների հետ, պաշտպան Միհրան Պողոսյանը նաև նկատել է, որ խոսակցություններում անուններ են հնչեցվել, որոնք այս գործով չեն անցնում, ինչից հետևում է, որ ոչ խոսակցությունն է կարևոր, ոչ հանդիպումը, ընտրովի մարդկանց մեղադրյալ նշանակելու պրոցեսն է։
Հետևեք մեզ նաև Telegram-ում