«3+3» ձևաչափով երրորդ հանդիպումը գտնվում է նախապատրաստման և վայրի ընտրության փուլում․ Սերգեյ Լավրով
Կարդացեք նաև
Հարավային Կովկասի վերաբերյալ «3+3» ձևաչափով (Հայաստան, Ադրբեջան, Վրաստան և նրանց երեք հարևանները՝ Ռուսաստան, Թուրքիա և Իրան) արտաքին գործերի նախարարների մակարդակով երրորդ հանդիպումը գտնվում է նախապատրաստման և վայրի ընտրության փուլում։ Դուռը բաց է մնում Վրաստանի համար․ ինչպես հայտնում է ТАСС-ը, հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը թուրքական լրատվամիջոցների հետ զրույցում։
«Երկու նախարարական հանդիպում արդեն տեղի է ունեցել, և երրորդը պատրաստվում է։ Մեր վրացի հարևանները ներկայում ձեռնպահ են մնում մասնակցությունից, բայց մենք անընդհատ ընդգծում ենք, որ նրանց համար դուռը բաց է», – նշել է նա։
Ռուսաստանի դիվանագիտական առաքելության ղեկավարը հավելել է, որ իր թուրք գործընկեր Հաքան Ֆիդանն «ակտիվորեն աջակցում է երրորդ նախարարական հանդիպման անցկացմանը»։
«Վայրը որոշվում է։ Հուսով եմ՝ շուտով հստակություն կմտցվի», – նշել է նա։
«Մենք Հարավային Կովկասում ընդհանուր հարևաններ ենք», – ընդգծել է Լավրովը՝ հիշեցնելով, որ Թուրքիան և Ադրբեջանը «3+3» ձևաչափի հիմնական նախաձեռնողներն էին։
Հետևեք մեզ նաև Telegram-ում