Եպիսկոպոսաց ժողովը դատապարտել է ադրբեջանական զինուժի կողմից Արցախի ռազմօդուժի ուղղաթիռի խոցումը

Եպիսկոպոսաց ժողովը դատապարտել է ադրբեջանական զինուժի կողմից Արցախի ռազմօդուժի ուղղաթիռի խոցումը

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսի և Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսի նախագահությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նոյեմբերի 13-ին ընթացող Եպիսկոպոսաց ժողովը, առաջին նիստի ընթացքում, մասնավոր անդրադարձ է ունեցել Արցախի առաջնագծում ադրբեջանական զինված ուժերի կողմից ԼՂ պաշտպանության բանակի օդուժի ուղղաթիռի խոցման միջադեպին` դատապարտելով Ադրբեջանի կողմից սանձազերծված սադրիչ գործողությունները: Ինչպես տեղեկացրին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից, եպիսկոպոսաց դասը աղոթք է բարձրացրել առ Աստված խոցված ուղղաթիռի անձնակազմի զոհված անդամներ մայոր Սերգեյ Սահակյանի, ավագ լեյտենանտ Սարգիս Նազարյանի և լեյտենանտ Ազատ Սահակյանի հոգիների հանգստության համար և սրտակցություն հայտնել զոհված հայորդիների ընտանիքներին ու հարազատներին:

Ստեղծված մտահոգիչ կացության առջև եպիսկոպոսաց ժողովն իր զորակցությունն է հայտնել ՀՀ և ԼՂՀ իշխանություններին` հայցելով Տիրոջ խաղաղությունը հայրենի մեր երկրին և ժողովրդին:

Ամենայն Հայոց կաթողիկոսը և Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը հանձնարարել են եպիսկոպոսներին եկեղեցիներում կատարել հոգեհանգստյան արարողություններ զոհված օդաչուների համար: Հանձնարարվել է նաև պետական և միջազգային լիազոր բոլոր ատյաններում աշխատանքներ իրականացնել` կանխարգելելու Ադրբեջանի կողմից ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը խաթարող սադրիչ և ռազմատենչ գործողությունները և չեզոքացնելու պատերազմի վերսկսման վտանգը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում