Կաթողիկոս Գարեգին Բ-ն ամուր, վճռականությամբ կանգնած է՝ պաշտպանելու իր ազգին ու հոտին. Ջոն Էյբներ
Կարդացեք նաև
Հրավիրված ասուլիսի ժամանակ Քրիստոնեական համերաշխության միջազգային կազմակերպության նախագահ Ջոն Էյբները հայտարարել է, որ այստեղ ենք՝ հասկանալու, թե եկեղեցու և պետության միջև ճգնաժամը նոյեմբերից հետո ինչպես է փոխվել։
Նա նշել է, որ այս ընթացքում հանդիպել են մարդու իրավունների պաշտպանների և փաստաբանների հետ, Էջմիածնում կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ, տեսան, որ նա ամուր, վճռականությամբ կանգնած է՝ պաշտպանելու ազգին, հոտին և կատարելու իր պարտականությունները։
«Այսօր առավոտյան կարողացանք բանտում այցելել արքեպիսկոպոս Բագրատ Գալստանյանին։ Նա նույն բանտում է, որտեղ 1937 թվականին սպանվել է Բագրատ արքեպիսկոպոս Վարդազարյանը՝ խորհրդային ուժերի կողմից։ Մենք շատ ուրախ ենք նրան տեսնել քաջ առողջությամբ, բարձր տրամադրությամբ։ Նա չի դժգոհում իր պայմաններից։ Ի դեպ, արքեպիսկոպոսը մեզ ասաց, որ իր համար մեծ շնորհ է իր ազգին ծառայել բանտախցից։ Զարմանալիորեն նա դրական է տրամադրված՝ վստահ լինելով, որ ի վերջո արդարությունը, հաշտությունը գերիշխելու է Հայաստանում», – ասել է Ջոն Էյբները։
Նրա խոսքով՝ Բագրատ Սրբազանը իրենց երկու նամակ է տվել, որոնցից մեկն ուղղված է միջազգային կրոնական ազատության վեհաժողովին, որն այս պահին տեղի է ունենում Վաշինգտոնում, իսկ մյուսը՝ ԱՄՆ փոխնախագահ Վենսին, որը շուտով կայցելի Հայաստան և Ադրբեջան։
Այն ունի հետևյալ բովանդակությունը․
⸻
«Հարգելի դեսպան Ռաբեն,
հարգելի Միջազգային կրոնական ազատության գագաթնաժողովի մասնակիցներ,
Ձեզ գրում եմ Իջևանի կենտրոնական բանտից՝ Խաչյալ և Հարուցյալ Տեր Հիսուս Քրիստոսի անունով։ Ցավում եմ, որ չեմ կարող անձամբ ձեզ հետ լինել այս օրերին, երբ դուք պայքարում եք կրոնի և հավատքի ազատության պաշտպանության համար։
Շնորհակալ եմ Քրիստոնեական համերաշխության միջազգային կազմակերպության ընկերներին և Շվեյցարիայի Ազգային խորհրդի անդամ Էրիխ Վոնտոբելին՝ ձեզ հետ կապ հաստատելու այս հնարավորության համար։
Դուք տեղյակ եք, որ ոչ միայն ես, այլև իմ երեք եղբայր եպիսկոպոսները՝ Միքայել Աջապահյանը, Մկրտիչ Պռոշյանը և Արշակ Խաչատրյանը, ենթարկվել են լրտեսման, ձերբակալությունների, հարցաքննությունների և զրպարտությունների՝ պետության կողմից հովանավորվող մեդիաարշավների շրջանակում, և բանտարկվել են կեղծ մեղադրանքներով։
Հայ Առաքելական Եկեղեցու այլ հավատացյալ հոգևորականներ ևս ենթարկվել են սպառնալիքների և բռնությունների, թեև դեռևս բանտարկված չեն։ Նրանց թվում է նաև մեր եկեղեցու առաջնորդը՝ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը։ Վարչապետ Փաշինյանը հրապարակավ նրան անվանել է ազգային անվտանգության սպառնալիք։ Նա բախվում է պետականորեն հովանավորվող հակասահմանադրական արշավի, որի նպատակն է նրան պաշտոնանկ անել և փոխարինել քաղաքականապես զիջող հոգևորականով։
Այսօր ես բանտարկված եմ մի պարզ պատճառով․ իմ «հանցանքն» այն է, որ իշխանություններին ասում եմ անցանկալի ճշմարտությունը՝ ոչ բռնի ոգուն համահունչ։ Այդ ճշմարտությունն այն է, որ քրիստոնյա հայ ժողովուրդը կանգնած է գոյաբանական սպառնալիքի առաջ։
Հայաստանի Հանրապետությունը ստեղծվել է որպես անվտանգ հայրենիք՝ Հայոց ցեղասպանությունը վերապրածների և նրանց սերունդների համար։ Սակայն Ադրբեջանի բռնապետը, ով Հայաստանն անվանում է «Արևմտյան Ադրբեջան», ձգտում է Հայաստանը վերածել անդեմ պետության՝ անկարող պաշտպանել հայ ժողովրդին և նրա ազգային շահերը։
Այս ջանքերում Ադրբեջանին աջակցում է Թուրքիան, որը ստեղծում է ազդեցության գոտի՝ Իսրայելի սահմաններից մինչև Կասպից ծով։ Այդ ծրագրի կարևորագույն բաղադրիչներից մեկը Հայ Առաքելական Եկեղեցուն հասարակության մեջ անկախ ձայնից զրկելն է։
Հայ Առաքելական Եկեղեցին հայ քրիստոնյա ազգի կենտրոնական հենասյունն է։ Պատմության մեծ մասի ընթացքում այն եղել է ազգի միակ միավորող հաստատությունը։ Այն դիմացել է բռնի հալածանքների՝ օսմանների, խորհրդային ուժերի և Ադրբեջանի կողմից։
Աշխարհը քաջատեղյակ է Հայոց ցեղասպանությանը և դրա դաժան հետևանքներին, որոնց ամենավերջին դրսևորումը Լեռնային Ղարաբաղում հայ քրիստոնյաների էթնիկ և կրոնական զտումն էր՝ երեք տարուց էլ քիչ առաջ։
Այսօր Հայաստանի ազգային եկեղեցին կրկին հարձակման տակ է։ Ադրբեջանը պնդում է, որ Հայ Առաքելական Եկեղեցին խաղաղության խոչընդոտ է և որպես խաղաղության պայման պահանջում է, որ հայկական պետությունը այն զրկի իր պատմական դերակատարումից։
Պատմության ընթացքում միշտ եղել են հայեր, այդ թվում՝ հոգևորականներ, որոնք գործիք են դարձել եկեղեցու հալածողների ձեռքում։ Նրանք հաճախ խոսել են խաղաղության անունից, երբ իրական խաղաղություն չի եղել։ Այդպես էր մարգարեների ժամանակ, և այդպես է նաև այսօր՝ Հայաստանում։
Խնդրում եմ աղոթել ինձ համար, ինչպես նաև այն հոգևորականների և հավատացյալների համար, ովքեր այս տարի բանտարկվել են Հայաստանում, և խրախուսել մյուսներին ևս աղոթել մեզ համար։
Կոչ եմ անում Վեհաժողովին երեք խնդրանք ներկայացնել ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսին՝ նրա Հայաստան և Ադրբեջան նախատեսվող այցից առաջ․
1. հստակ տեղեկացնել Ադրբեջանի նախագահին և Հայաստանի վարչապետին, որ Միացյալ Նահանգները չի հանդուրժի Հայ Առաքելական Եկեղեցու շարունակական հալածանքները,
2. հորդորել ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին, մասնավորապես՝ Բաքվում պահվող 20 հայ պատանդներին և Հայաստանում բանտարկված 34 հոգևորականներին ու նրանց կողմնակիցներին,
3. Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը ներառել որպես երկխոսության գործընկեր Հայաստան–Ադրբեջան խաղաղության գործընթացում։
Հարգանքով, սիրով և աղոթքներով՝
արքեպիսկոպոս Բագրատ Գալստանյան»։
Նշենք, որ Նոյեմբերին Christian Solidarity International-ի պատվիրակությունը փաստահավաք առաքելությամբ այցելել է Հայաստանի Հանրապետություն՝ մասնակցելով նաև առաջին Աղոթքի նախաճաշին։ Պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել տեղական քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, ինչպես նաև կալանավորված անձանց ընտանիքի անդամների և նրանց փաստաբանների հետ։ Մինչ Վաշինգտոնում (ԱՄՆ) ընթանում է Կրոնական ազատության միջազգային գագաթնաժողովը, CSI-ի պատվիրակությունը կրկին վերադառնում է Հայաստան՝ նոր փաստահավաք այցի նպատակով։
Հետևեք մեզ նաև Telegram-ում