Գյուղերը դատարկվում են, ունենք մոտ 480 հազար հեկտար հող, որից մշակվում է միայն 150 հազար հեկտարը. Գագիկ Ծառուկյան
Կարդացեք նաև
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հանդիպել է երիտասարդների հետ։ Մինչ հանդիպումը նրանք սոցիալական ցանցերում և մեդիատիրույթում բարձրացրել էին տարբեր ոլորտների վերաբերյալ հարցեր՝ երիտասարդական խնդիրներից մինչև սպորտ, աղքատություն, սոցիալական դժվարություններ ու գյուղատնտեսություն։
Գագիկ Ծառուկյանը նշել է, որ Արցախի պատերազմից հետո բոլորս էլ կոտրված ու խեղճացած ենք, և ինքը դրանում համոզվել է տարբեր ոլորտների մարդկանց հետ շփումների արդյունքում։ Նրա խոսքով՝ պարտավոր ենք միասնական լինել, ծրագրեր իրականացնել, պետք է մեջք-մեջքի տալ և մոռանալ ատելությունն ու թշնամանքը։ Ըստ Ծառուկյանի՝ պետք է «խելք խելքի տալ», ծրագրեր իրականացնել, և այդ դեպքում աշխարհն էլ կհարգի մեզ։
Ծառուկյանն անդրադարձել է նաև գյուղատնտեսության ոլորտին՝ նշելով, որ առանց գյուղնախարարության ոլորտը չի կարող զարգանալ, իսկ խնդիրները պետք է լինեն հասցեական։ Երիտասարդի այն հարցին, թե ինչ կարող է առաջարկել գյուղացու կյանքի բարելավման համար, նա պատասխանել է, որ առաջնայինը գյուղնախարարության վերականգնումն է։
«Գյուղատնտեսությունն այսօր երկիրը պահողն է, սահմանը պահողն է։ Գյուղնախարարությունը, որ չկա, անտերություն է։ Երկարաժամկետ ծրագիր պետք է լինի։ Թող գնան գյուղացուն հարցնեն, թե ինչու չի մշակում հողը․ որովհետև սերմ չկա, սերմնաբուծարանները չեն աշխատում։ Ունենք մոտ 480 հազար հեկտար հող, ցանվում է 150 հազար հեկտարը, մնացածը չի ցանվում, թողնում են արոտավայր, գյուղերը դատարկվում են։ Այսօր ոչ գյուղատնտեսություն կա, ոչ անասնապահություն։ Անասնապահությունն էլ տարել են սպանդանոցներ, որտեղ մորթի համար գյուղացին պետք է 150 հազար դրամ վճարի, բարձի, տանի տեղից տեղ, ծախսերը չի հանում։ Ներմուծում են Հնդկաստանի գոմեշի միս, բայց մենք կարող ենք ներքին արտադրողին արտոնություն տալ, որպեսզի արտադրողը առաջին հերթին կարողանա իր ապրանքը վաճառել, ոչ թե վաճառվի ներկրվածը», — ասել է Գագիկ Ծառուկյանը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում