Շուտով արդարություն կլինի ու Սրբազան Հայրերն ազատության մեջ կլինեն․ Տեր Ղևոնդ

Շուտով արդարություն կլինի ու Սրբազան Հայրերն ազատության մեջ կլինեն․ Տեր Ղևոնդ

Արագածոտնի թեմի Կոշի Սուրբ Գևորգ եկեղեցում, թեմի Վարչական խորհրդի ատենապետ Հոգեշնորհ Տեր Շնորհք աբեղա Պալոյանի հանդիսապետությամբ կատարվել է հերթական միասնական ժամերգությունը:

Թեմի հոգևորականաց դասը և հավատացյալ ժողովուրդը համախմբված այս գողտրիկ տաճարում՝ միասիրտ իրենց աղոթքը բարձրացրեցին առ Աստված,որ Տերը կզորացնի կամքը և կլուսավորի ընթացքը կյանքի ճանապարհին։

Ներկաներն աղոթք բարձրացրեցին անազատության մեջ հանիրավի գտնվող սիրելի Առաջնորդ Մկրտիչ Սրբազանի, հոգևոր հայրերի, եղբայրների և զավակների, գերեվարված հայորդիների, հայրենիքի ու Սուրբ Եկեղեցու համար:

Ժամերգության ավարտին իր խոսքը ներկաներին ուղղեց Կոշի Սուրբ Գևորգ եկեղեցու հոգևոր հովիվ՝ Արժանապատիվ Տեր Ղևոնդ քահանա Գափոյանը:

Տեր Ղևոնդը հույս հայտնեց, որ շուտով արդարություն կլինի ու Սրբազան Հայրերն ազատության մեջ կկարողանան իրենց աղոթքը բարձրացնել առ Աստված։

««Ստախոս շուրթերը պիղծ են Տիրոջ առաջ, իսկ հավատքով շարժվողն ընդունելի է Նրան», Առակաց 12:22: Այս է մեզ պատգամում Ավետարանը:

Կա չարիք, որը ոչ միայն հենց իր համար է չարիք, այլև ուրիշների, և այդ շարքից է սուտ վկայությունը: Նմանատիպ մարդկանց մեջ ոճրագործության չափը կրկնապատկվում է, որովհետև սուտ վկայություն տվողն իրեն կամովին չարքին է մատնում ու ուրիշներին քաշում դրա մեջ։ Սուտ վկայությունը վնասում է դիմացինին՝ ենթարկելով տանջանքի:

Ամեն ինչին ժամանակ կա, սա էլ կանցնի, ոչինչ, մեր հոգևոր հավատքը անկոտրում է։ Ինձ համար շատ կարևոր է հայրենիքիս խաղաղությունը, ինչպես նաև հոգևոր ազատությունը։ Իմ հայրենիքը պետք է շեն լինի, ազատ հավատքով ապրի։ Ուզում եմ իմ Առաջնորդ Սրբազան Հոր, ինչպես նաև մյուս հոգևոր ծնողներին աղոթքով ձեզ գլխավորելիս տեսնենք, ազատության մեջ: Ես վստահ եմ, որ հիմա մեր Առաջնորդը հոգով, մտքով, աղոթքով մեզ հետ է և այս պահին նրա բացակայությունը միայն ֆիզիկապես է…»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում