«Ուղղափառ» եզրույթը չի խաթարում Հայ Եկեղեցու դավանական ինքնությունը. Տեր Մաղաքիա

«Ուղղափառ» եզրույթը չի խաթարում Հայ Եկեղեցու դավանական ինքնությունը. Տեր Մաղաքիա

Տեր Մաղաքիա քահանա Օհանյանը գրում է. «Օրեր առաջ Սարոյան Արմանը (նախկին Գևորգ եպիսկոպոս) կեղծ և խայտառակ հայտարարություն է արել։

Իբրև թե Գարեգին Բ Կաթողիկոսը կասկածի տակ է դրել Հայոց Եկեղեցու դավանաբանական ինքնությունը՝ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի կանոնադրության մեջ ավելացնելով Ուղղափառ եզրութը։

Վերջինս իր մոլորեցնող հայտարարութամբ փորձում է Հայոց Հայրապետին կապել ռուսական ազդեցության հետ։

Ըստ Արմանի` Վեհափառն այս կերպ մեր Սուրբ Եկեղեցին գաղտնի միացրել կամ ձուլել է Ռուս Եկեղեցուն։

Սա սուտ է և կեղծիք, որը տեղավորվում եկեղեցու դեմ արշավի շրջանակներում։

Հայ Եկեղեցին ուղղափառ եկեղեցի է։ Ավելին չխորանալու դավանաբանական հարցերի մեջ՝ մեր Սուրբ Եկեղեցու ուղղափառությունը հաստատելու համար, միայն բավարար է նշել Սուրբ Պատարագի ընթացքում 4-անգամ հիշատակվող մեր եպիսկոպոսների ուղղափառ լինելու հանգամանքը։ Սակայն մեր ուղղափառությունը ռուս կամ հույն եկեղեցիներից տարբերվում է։ Վերջիններիս հետ Հայ Առաքելական Եկեղեցին չունի կանոնական հարաբերություններ և հաղորդական միություն։

Հայ Եկեղեցին դասվում է հին արևելյան (ոչ քաղկեդոնական՝ ղպտի, ասորի, եթովպեական, հնդիկ-մալանկար) ուղղափառ եկեղեցիների շարքը։

Հետևաբար ո՛չ մի խնդիր չկա, որ մեր Եկեղեցու պաշտոնական անվանը սփյուռքում ավելացվել է ուղղափառ եզրույթը։

Իմիջիայլոց, Հայ Առաքելական Սուրբ Ուղղափառ Եկեղեցի անվանումը ոչ միայն Ռուսաստանում, այլ նաև սփյուռքի մեր շատ գաղթոջախներում է ընդունված։ Եւ ուղղափառ կամ օրթոդոքս եզրույթը Գարեգին Բ Կաթողիկոսից դեռ շատ առաջ է մտել գործածության մեջ։

Հետևաբար Ուղղափառ բառի ավելացումն Առաքելական մեր Սուրբ եկեղեցուն երբեք էլ չի նշանակում դավանաբանական ինքնության կորուստ, առավել ևս ձուլում՝ ինչը խեղաթյուրված ներկայացնում է նախկին Գևորգ եպիսկոպոսը։

Արման Սարոյանը կարող է դիմել դատարան, որը իր մոտ լավ է ստացվում՝ Հայ Եկեղեցու դավանական ինքնությունն ու անկախությունը իբրև թե վերականգնելու համար։

«Եթե մեկը այլ բան ուսուցանի և չանսա այն վարդապետությանը, որը աստվածպաշտության համապատասխան է, այդպիսին գոռոզամիտ է և բռնված է հակառակության խոսքերով, որոնցից առաջ են գալիս նախանձ, հայհոյություն և խարդախություն»(Պողոս Առաքյալ)

«Վայ՜ նրան, ումից կգա գայթակղությունը» (Տեր Հիսուս)

Աստված պահապան Վեհափառ Հայրապետին և մեր Նվիրապետական կարգին»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում