Ընտրողների ակտիվ մասնակցությունը՝ որպես իշխանության դատավճիռ. Սուրեն Սուրենյանց

Ընտրողների ակտիվ մասնակցությունը՝ որպես իշխանության դատավճիռ. Սուրեն Սուրենյանց

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի տելեգրամյան գրառումը. «Ընտրողների ակտիվ մասնակցությունը՝ որպես իշխանության դատավճիռ

Նախագահի կողմից Ազգային ժողովի հերթական ընտրությունների նշանակումը հունիսի 7-ին իրավական առումով ընթացակարգային քայլ է և ինքնին քաղաքական ինտրիգ չի պարունակում։

Իրական ինտրիգը ձևավորվում է ընտրական գործընթացի առանցքային հարցով՝ ընտրողների մասնակցության մակարդակով։

Մասնագիտական գնահատականներն ու նախորդ ընտրությունների փորձը վկայում են, որ մոտ 1 միլիոն 400 հազար ընտրողի մասնակցությունը, այսինքն՝ շուրջ 55 տոկոսը, ընտրությունները տեղափոխում է որակապես այլ քաղաքական հարթություն։

Այդ շեմը հաղթահարելու դեպքում ընտրական գործընթացին միանում է ոչ միայն քաղաքականապես մոբիլիզացված և կանխատեսելի ընտրազանգվածը, այլ նաև այն լայն սոցիալական շերտը, որը սովորաբար մնում է ընտրությունից դուրս՝ հիասթափության, անվստահության կամ քաղաքական անտարբերության պատճառով։ Հենց այդ շերտի ակտիվացումն է, որ կտրուկ փոխում է ընտրությունների ներքին տրամաբանությունը։

Վերջին տարիներին (հատկապես Արցախի կորստից հետո) հասարակության մեջ կուտակվել է մեծ դժգոհություն, բայց դա դեռ չի վերածվել զանգվածային մոբիլիզացիայի։ Շատերը հիասթափված են իշխանությունից, բայց նաև ընդդիմությունից (որը հաճախ ընկալվում է որպես «հին ուժեր» կամ անարդյունավետ)։ Այս ապատիան հենց այն է, ինչ օգնում է իշխանությանը՝ քանի որ ցածր մասնակցությունը նվազեցնում է «պատժող» ձայների քանակը։

Եթե ընդդիմությունը կարողանա մոբիլիզացնել այդ «հիասթափված» շերտը՝ ոչ թե «մեր կողմը գալու», այլ «գնալ և դեմ քվեարկել» տրամաբանությամբ, ապա մասնակցությունը կարող է կտրուկ բարձրանալ։ Հակառակ դեպքում՝ ապատիան կմնա իշխանության լավագույն դաշնակիցը։

Ընտրողների ցածր մասնակցության պայմաններում ընտրական գործընթացը գործում է հարաբերական թվերի տրամաբանությամբ, որտեղ վարչական ռեսուրսը ստանում է անհամաչափ ազդեցություն։ Վարչական կախվածության մեջ գտնվող խմբերը, վերահսկելի ընտրազանգվածը և կազմակերպված մասնակցությունը թույլ են տալիս իշխանությանը պահպանել վերահսկողությունը ընտրությունների արդյունքների նկատմամբ։ Սակայն ընտրողների բարձր մասնակցության պարագայում այդ մեխանիզմը սկսում է կորցնել իր արդյունավետությունը։ Զանգվածային մասնակցությունը «կլանում» է վարչական ռեսուրսի ազդեցությունը՝ այն վերածելով երկրորդական գործոնի, որը այլևս ի վիճակի չէ փոխել հասարակական ընդհանուր տրամադրության ուղղությունը։

Այս համատեքստում գործող իշխանության ճակատագիրը դադարում է որոշվել զուտ կուսակցական մրցակցության դաշտում։ Նիկոլ Փաշինյանի իշխանության պահպանման կամ փոփոխության հարցը բարձր մասնակցության պայմաններում վերածվում է հասարակական վստահության կամ անվստահության քվեարկության։ Ընտրությունները գործնականում ձեռք են բերում հանրաքվեի բնույթ՝ իշխանության վարած քաղաքականության, կառավարման որակի և կուտակված հանրային դժգոհության վերաբերյալ։

Ընտրողների բարձր մասնակցությունը ընտրական գործընթացին տալիս է իրական քաղաքական բովանդակություն՝ այն հեռացնելով վարչական վերահսկողության սահմաններից։ Այդ դեպքում արդյունքը սկսում է արտացոլել հասարակության քաղաքական կամքը, այլ ոչ թե ընտրական մեխանիզմների կիրառման արդյունավետությունը։ Հակառակ դեպքում, երբ գերակշռում է ապատիան և քաղաքացիների զգալի հատվածը հրաժարվում է մասնակցությունից, ընտրությունները մնում են նեղ շրջանակի ներսում կառավարվող գործընթաց՝ կանխատեսելի ելքով։

Այսպիսով, առաջիկա ընտրությունների հիմնական հակամարտությունը չի ընթանալու իշխանության և ընդդիմության միջև։ Այն ընթանալու է քաղաքական մասնակցության և քաղաքական ապատիայի միջև։ Եթե ընտրողների ակտիվությունը հասնի այն շեմին, որտեղ վարչական ռեսուրսը կորցնում է վճռական նշանակությունը, ապա իշխանության վերարտադրությունը դառնում է խիստ խնդրահարույց։ Այդ դեպքում ընտրողների ակտիվ մասնակցությունը դառնում է ոչ գործող իշխանության քաղաքական դատավճիռ»։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում