«Մեգանախագի՞ծ», թե՞ մեկ նպատակի ուղի․ հարցեր Թրամփի ուղու շուրջ. Գոհար Մելոյան

«Մեգանախագի՞ծ», թե՞ մեկ նպատակի ուղի․ հարցեր Թրամփի ուղու շուրջ. Գոհար Մելոյան

Սահմանադրագետ Գոհար Մելոյանը գրում է․ «Վաղը ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի սպասվող այցի առանցքում օգոստոսի 8-ի եռակողմ հայտարարությամբ նախատեսված Թրամփի ուղին է։

Թրամփի ուղու և «ԹՐԻՓՓ» զարգացման ընկերության հետ կապված նրբությունները և հարցերը բազմաթիվ ու բազմապիսի են։

Դրանց մասին խոսել ենք և դեռ խոսելու ենք։

Էական հիմնահարցերից երկուսն են՝

«Անխոչընդոտ» հաղորդակցության մեկնաբանությունը։

Ինչպես օգոստոսի 8-ի եռակողմ հայտարարությունը, այնպես էլ հունվարի 14-ին հրապարակված Թրամփի ուղու իրականացման շրջանակը (TIF) հստակ սահմանում են, որ Թրամփի ուղին իրականացվելու է Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և սուվերենության պահպանմամբ։ Միևնույն ժամանակ, այս երկու փաստաթղթերն էլ հստակ մատնանշում են, որ Թրամփի ուղու միջոցով ստեղծվելու է անխոչընդոտ կապ Ադրբեջանի Հանրապետության և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև։

Ի՞նչ է նշանակում և ի՞նչ է ենթադրում «անխոչընդոտ» ձևակերպումը։

Ինչո՞վ է «անխոչընդոտ» հաղորդակցությունը տարբերվում, օրինակ, Հայաստանի տարածքով Իրանից Վրաստան մարդկանց, մեքենաների և բեռների սովորական փոխադրումից։

Եվ հարցն այստեղ front office–back office գործառույթների մասին չէ։

Այստեղ առաջանում է ողջամիտ հարց՝ ինչպե՞ս է համատեղվում Ադրբեջանի և Նախիջևանի միջև հաղորդակցության «անխոչընդոտ» լինելը Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և սուվերենության պահպանման հետ։

Այս հարցը, անկասկած, դեռ պետք է մանրամասն պարզաբանվի, իսկ դրա բովանդակությունը՝ հստակեցվի ապագայում ընդունվելիք իրավական ուժ ունեցող փաստաթղթերում։

Արդյո՞ք «Թրամփի ուղին» կարող է դառնալ Միջին միջանցքի և Տրանս-Կասպյան առևտրային երթուղու իրական բաղկացուցիչ մաս, թե՞ այն ընդամենը կծառայի Ադրբեջանի Հանրապետության և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև անխոչընդոտ կապ ապահովելուն։

Արդյո՞ք Հայաստանի տարածքով անցնող որևէ միջազգային երթուղի իրականում կարող է կապել Չինաստանն ու Միջին Ասիան Թուրքիայի և Եվրոպայի հետ՝ դառնալով Վրաստանի տարածքով արդեն երկար տարիներ շահագործվող Բաքու–Թբիլիսի–Կարս երկաթուղու կամ ավտոմոբիլային ճանապարհների իրական մրցակցային այլընտրանք։

Պետք է արձանագրել, որ Հարավային Կովկասում Միջին միջանցքն արդեն գործում է և անցնում է Ադրբեջանի ու Վրաստանի տարածքով։ Այս իրողությունը լուրջ, հիմնավոր մտահոգություններ է առաջացնում, որ «Թրամփի ուղին» չի դառնալու Միջին միջանցքի և Տրանս-Կասպյան առևտրային երթուղու էական բաղադրիչ, այլ սահմանափակվելու է բացառապես Ադրբեջանի Հանրապետության և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև անխոչընդոտ կապի ապահովմամբ։

Այսինքն՝ արդյո՞ք հայ հանրությանը ներկայացվող այս «մեգանախագիծը» իրականում նախատեսված է միայն Ադրբեջանի և Նախիջևանի միջև հաղորդակցություն ապահովելու համար, թե՞ այն իրապես ունի պոտենցիալ դառնալու Միջին միջանցքի լիարժեք և մրցունակ մաս»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում