«Հայաքվե»-ն ընտրություններին կմասնակցի այլ ուժերի հետ
Կարդացեք նաև
«Հայաքվե» նախաձեռնությունն ընտրություններին կմասնակցի այլ գաղափարակից ուժերի հետ։ Այս մասին այսօր հայտարարել են նախաձեռնության անդամները։
«Հաշվի առնելով առկա իրողությունները՝ մենք մեր ուժերը կհամադրենք գաղափարակից այլ կառույցների, կազմակերպությունների հետ։ Միասնական ճակատով պետք է հանդես գանք, որպեսզի այլևս թույլ չտանք ընտրողների ձայների փոշաիցում, կարողանանք պարտության մատնել այս վարչախմբին, կարողանանք իրական իշխանափոխություն իրականացնել»,-ասել է նախաձեռնության համահիմնադիր Ավետիք Չալաբյանը։
Թե որ ուժերի հետ կգնան ընտրությունների, Չալաբյանն այսօր փակագծեր չի բացել, նա ասել է, որ դա կանի ավելի ուշ, երբ լինեն ներկա լինեն բոլոր ուժերը, հակառակ դեպքում թույլ կտա բանակցային էթիկայի խախտում։ Նա լրագրողներին հորդորել է զինվել համբերությամբ՝ միաժամանակ բացառելով համագործակցությունը իշխող ուժի, նրա արբանյակ կուսակցությունների, ինչպես նաև նախկին իշխանությունների հետ։ Չալաբյանի կարծիքով՝ Գագիկ Ծառուկյանի և Սամվել Կարապետյանի հետ համագործակցությունը պետք է տեղի ունենա ընտրություններից հետո։
«Հայաքվե»-ն ընտրվելու դեպքում խոստանում է դպրոցը դարձնել 11-ամյա, բարձրացնել կենսաթոշակները, ավելացնել պաշտպանական ծախսերը, զինվորական ծառայությունը դարձնել գրավիչ ու պատվաբեր, վերացնել հասարակության մեջ առկա բաժանարար գծերը։
Ավետիք Չալաբյանը նշել է, որ այս բարդ տարածաշրջանում մեր պետության գոյությունը պահպանելու համար պետք է բազմապատկենք մեր ուժերը, պետությունը պաշտպանենք մեր իրական ուժով։
«Այդ նպատակով մենք կհամախմբենք մեր հասարակությանն արտաքին վտանգի դեմ պայքարում, կմեղմենք կամ կվերացնենք այն բաժանարար գծերը, որ ստեղծել է այս վարչախումբը։ Մենք հետևողականորեն կուժեղացնենք մեր բանակը»,-ասել է նա։
Նախաձեռնությունը նշում է, որ կրթության ու գիտության զարգացման համար մշակած ծրագիր ունեն, այն ունի հայկական հասցե։ Նախաձեռնության անդամ Մենու Սողոմոնյանը աել է, որ ժամանակակից աշխարհում անվտանգությունը սկսում է ոչ թե խրամատից, այլ դասասենյակից ու լաբորատորիայից։
«Սահմանամերձ գյուղերի դպրոցների լույսերը չենք թողնելու, որ մարեն, սահմանամերձ գյուղերում դպրոցներ չեն փակվելու։ Մենք հանրակրթությունը կդարձնենք 11-ամյա, աշակերտներին ու նրանց ընտանիքներին կազատենք կրկնուսույցների գերությունից։ 12-ամյա կրթությունն իրեն չի արդարացրել»,-հայտարարել է նախաձեռնության անդամը։
Անվտանգության ոլորտի ծրագրերի մասին խոսելիս Ավետիք Քերոբյանն ասել է. «Մեր նպատակն է լինելու արտաքին ագրեսիայի դեպքում թշնամուն հասցնել ոչ վերականգնելի կորուստներ։ Մեր երկրի վրա հարձակվելուց առաջ թշնամիները պետք է երկար մտածեն ու հրաժարվեն այդ մտքից։ Մենք պետք է լինենք այն ոզնին, որն ունի սուր ու երկար փշեր, և որի հետ պետք է միայն խաղաղություն ուզենալ»։
Հետևեք մեզ նաև Telegram-ում