Բագրատ Սրբազանի կալանքը երկարացվեց 2 ամսով

Բագրատ Սրբազանի կալանքը երկարացվեց 2 ամսով

Այսօր Բագրատ Սրբազանի և «18 արդարների» դատական նիստի ընթացքում, անդրադառնալով հանրային մեղադրողի՝ իր կալանքի ժամկետը 3 ամսով երկարացնելու  վերաբերյալ միջնորդությանը,Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը հայտարարել է․  «Ինձ ոչ մեկ ազատությունից ոչ զրկել է, ոչ էլ կարող է զրկել, քանի որ ոչ իմ կյանքն է ձեր իշխանության ներքո, ոչ էլ իմ ազատությունը»։

Նա հարց է ուղղել հանրային մեղադրողներին. «Ո՞վ է մեզանից կալանավորվածը, և ո՞վ է գտնվում ազատության մեջ։ Ե՞ս, որ հոգով ապրում եմ ազատության բոլոր սահմանները, թե՞ դուք, որ կալանավորված եք։ Ո՞վ է ազատության մեջ»։

Սրբազանն ասել է, որ ազատությունից զրկված մարդ այստեղ չկա, քանի որ դա աստծո գործն է, ոչ թե դատախազների, դատավորների, ոչ էլ ինչ-որ կենդանական ծագումով իշխանավորների։

«Այնպես որ թող մտածի նա, ով կալանավոր է։ Ինչո՞վ է կալանավոր՝ փողով, պաշտոնով, տուն պահելու ցանկությամբ, վախերով, հեռաձայներով, և այսպես շարունակ։ Ո՞վ կարող է ինձ կալանավորել։ Հետևաբար, ի՞նչ եմ ուզում ասել, երեկ Ռուբեն Վարդանյանին 20 տարվա ազատազրկման դատավճիռ կայացրեցին, դրանից առաջ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչները։ Թույլ տվեք ասել, ես ամաչում եմ, որ այստեղ կանգնած կալանքի մասին եմ խոսում, երբ իմ եղբայրները, որոնց հետ աղ ու հաց եմ կիսել, տառապում են այնտեղ»,-ասել է Սրբազանն ու շնորհակալություն հայտնել իր պաշտպանների միջոցով իրեն աջակցություն հայտնողներին, հանձնուքներ փոխանցողներին։

Նա հատուկ շնորհակալություն է հայտնել Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանի որդուն՝ Տիգրանին. «Իր հայրը գտնվելով տառապանքի մեջ՝ մեր մասին չմոռացավ, թեպետ ես ապերախտ եմ եղել, իրենց մասին մոռանալով, ինձ հնարավորություն տվեց հոգևոր իմաստով պատվարժան նախագահի հետ միասին հաց ու աղ կիսել՝ ինքը գտնվելով Բաքվի բանտում, ես՝ խցում։ Շնորհակալ եմ, Տիգրան, Աստված զորացնի ձեզ»։

Շարունակելով իր ելույթը՝ Բագրատ Սրբազանն ասել է, չի ընդունելու ոչ տնային կալանքը, ոչ գրավը, ոչ էլեկտրոնային սարք, երկրից բացակայելու արգելքը, որն ամենաավիրավորականն է համարում։

«Ոչ էլ մտածեք փոփոխելու մասին։ Միակ տարբերակն այն է, որ այստեղից կգնանք»,-ասել է Սրբազանը։

Դատարանը երկու ամիս ժամկետով երկարաձգեց  Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի կալանքը։ Այս մասին հայտարարեց դատավոր Կարեն Ֆարխոյանը՝ լսելով մեղադրողներին ու պաշտպանական կողմին։  Հիշեցնենք, որ մեղադրող կողմն առաջարկել էր ևս 3 ամսով երկարաձգել Բագրատ Սրբազանի կալանքի ժամկետը։

Դատավորը մասնավորապես հայտարարել է. «Մեղադյալի նկատմամբ կիրառած խափանման միջոցի հիմքներն ու իրավաչափության պայմաններն այս փուլում չեն նվազել, չեն փոխվել, այլընտրանքային խափանման միջոցները չեն կարող, ի զորու չեն ապահովելու մեղադրյալի օրինական, պատշաճ  վարքագիծը և 2 ամիս ժամկետով՝ այսինքն  մինչև 2026 թվականի ապրիլի 25-ը կերկարաձգվի մեղադրյալի նկատմամբ կիրառված կալանքի ժամկետը»։

Դրանից հետո դահլիճում հնչեց «ամոթ», «ամոթ»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում