Հայաստանում մարդիկ անհաշտ են Արցախի կորստի հետ, մեր իրավունքների պայքարը շարունակվում է. Արցախի ԱԺ նախագահ
Կարդացեք նաև
Արցախյան շարժման 38-ամյակի օրը Արցախի և Հայաստանի պաշտոնյաներն այցելել են եռաբլուր և հարգանքի տուրք մատուցել շարժմանը հաջորդած պատերազմներում զոհված տղաների հիշատակին։ Արցախի նախագահի պաշտոնակատար, Արցախի ԱԺ նախագահ Աշոտ Դանիելյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ Արցախյան շարժումը ճիշտ էր ու արդար։
«Մենք պատմական արդարությունն էինք ցանկանում վերականգնել։ Սա համայն հայության պայքար էր, սա միայն Արցախի պայքար չէր, սա մեր ինքնության պայքարն էր, դրա համար մենք ունեցանք հաղթանակներ»,- ասել է նա։
Անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի Արցախյան շարժումը չշարունակելու վերաբերյալ հայտարարություններին՝ Դանիելյանը նշել է, որ Փաշինյանի ասածները մեկնաբանելն անշնորհակալ գործ է։
«Նա ինչ ասում է, լրիվ հակառակն է անում։ Մեր իրավունքների պայքարը շարունակվում է, դա մեկ մարդով կամ այսօրվա իշխանությունների որոշելիքը չէ, որ դադարում ենք պայքարել։ Մենք տեսնում ենք, որ Հայաստանի Հանրապետությունում մարդիկ անհաշտ են Արցախի կորստի հետ և այս հարցում մենք մենակ չենք։ Կարծում եմ, Հայաստանում լինելով ազգային իշխանություններ, այս բոլոր հարցերը և մտահոգությունները կվերանան»,- ասել է Ա. Դանիելյանը։
Արցախի նախագահը շեշտեց, որ Արցախյան շարժման կրկնվելը հնարավոր է համարում։
«Ցանկացած սցենար հնարավոր է, եթե Հայաստանում լինեն ազգային իշխանություններ»,- ասել է նա։