Ադրբեջանը դժգոհ է ԼՂՀ ԶՈւ ուղղաթիռի կործանման մասին թուրքական մամուլի մեկնաբանությունից

Ադրբեջանը դժգոհ է ԼՂՀ ԶՈւ ուղղաթիռի կործանման մասին թուրքական մամուլի մեկնաբանությունից

Ադրբեջանի խորհրդարանական լրագրողների ասոցիացիան թուրքական ԶԼՄ-ներին հղած դիմումում «ափսոսանք» է հայտնել ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արեւելյան հատվածի օդային տարածքում ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական ԶՈւ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում ԼՂՀ ՌՕՈւ ՄԻ-24 ուղղաթիռի խոցվելու վերաբերյալ թուրքական առաջատար հեռուստալիքներով մեկնաբանությունների առթիվ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով oxu.az-ը, ադրբեջանցի լրագրողներին դուր չի եկել, որ թուրքական ԶԼՄ-ներն իրենց հաղորդագրություններում օգտագործել են «ԼՂ բանակ», «ԼՂ զինված ուժեր» եզրույթները` դրանով ԼՂ-ն ներկայացնելով անկախ պետություն: Ադրբեջանցի լրագրողները նաեւ դժգոհել են, որ Թուրքիայում չեն զարմացել ԼՂ օդային տարածքում հայկական ուղղաթիռների թռիչքներով: Ադրբեջանցի լրագրողները թուրքական ԶԼՄ-ներին խնդրել են ներկայացնել «հավաստի» տեղեկություններ:

Ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արեւելյան հատվածի օդային տարածքում նոյհեմբերի 12-ին` ժամը 13:45-ի սահմաններում, ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական ԶՈւ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում խոցվել է ԼՂՀ ՌՕՈւ ՄԻ-24 ուղղաթիռը: ԼՂՀ Նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը հայտնել է, որ հայկական ուղղաթիռը ռազմական գործողությունների համար չի եղել, ուղղաթիռում չի եղել զինամթերք եւ ադրբեջանական օդուժն այն խոցել է թիկունքից:

Ադրբեջանի ԶՈւ կողմից սադրիչ այդ միջադեպը դատապարտել են ՀՀ ԱԳՆ-ն, ԱՄՆ Պետքարտուղարությունը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, ՀԱՊԿ-ն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում