National. Մարդու իրավունքների միջազգային օրակարգը և Հայաստանի ներքին մարտահրավերները

National. Մարդու իրավունքների միջազգային օրակարգը և Հայաստանի ներքին մարտահրավերները

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի նիստի շրջանակներում Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի մարդու իրավունքների բարձր հանձնակատար Վոլկեր Տյուրկի հետ։

Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ կողմերը մտքեր են փոխանակել մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առաջնահերթությունների, միջազգային համակարգի առջև ծառացած մարտահրավերների և համագործակցության հիմնական ուղղությունների շուրջ։

Սակայն նույն ժամանակահատվածում Հայաստանում առկա են մարդու հիմնարար իրավունքների վերաբերյալ լուրջ հարցադրումներ։ Արցախից բռնի տեղահանված շուրջ 150 հազար հայեր կորցրել են իրենց տները, գույքը և կենսապահովման աղբյուրները։ Նրանք հայտնվել են քաղաքացիական անորոշ կարգավիճակում․ նախկին իրավական պատկանելությունը դադարել է գործել, իսկ նոր քաղաքացիություն ստանալու գործընթացը շատերի համար վերածվել է երկարաձգվող վարչարարության՝ փաստաթղթային խոչընդոտներով և բյուրոկրատական բարդություններով։

Քաղաքացիությունը հիմնարար իրավունք է։ Երբ մարդիկ փաստացի զրկվում են իրենց քաղաքացիությունից և ամիսներով անցնում վարչական պատնեշների միջով, դա արդեն ոչ միայն սոցիալական, այլև իրավական խնդիր է։ Միաժամանակ ամբողջությամբ չեն լուծվել բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման, գույքային իրավունքների, սոցիալական երաշխիքների և տնտեսական ինտեգրման հարցերը։ Համակարգային և թափանցիկ փոխհատուցման մեխանիզմ դեռևս չի գործում։

Այս ֆոնին «միջազգային համակարգի մարտահրավերների» մասին խոսքը հնչում է չափազանց ընդհանուր։ Քաղաքացիների համար առաջնայինը սեփական իրավական կարգավիճակն ու անվտանգությունն են, ոչ թե դիվանագիտական ձևակերպումները։

Նախարար Միրզոյանը ներկայացրել է նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հետագա ինստիտուցիոնալացման վերաբերյալ մոտեցումները՝ անդրադառնալով վստահության ամրապնդմանը և հակամարտությունից տուժած բնակչության խնդիրներին։

Սակայն խաղաղության ինստիտուցիոնալացումը չի կարող կայուն լինել, եթե հակամարտությունից տուժած անձանց իրավունքները ամբողջությամբ պաշտպանված չեն։ Խաղաղությունը չի կարող կառուցվել միայն միջպետական փաստաթղթերով, երբ ներսում առկա են չլուծված քաղաքացիական և սոցիալական խնդիրներ։

Հանդիպմանը կարևորվել է ժողովրդավարական դիմակայունության և մարդու իրավունքների պաշտպանության ինստիտուտների նկատմամբ վստահության ամրապնդումը։

Այստեղ իրավիճակն ավելի զգայուն է։ Վերջին տարիներին քաղաքական բնույթի քրեական գործերը, երկարատև նախաքննությունները և կալանքները ձևավորել են այնպիսի միջավայր, որտեղ ազատազրկումը հաճախ ընկալվում է ոչ թե որպես բացառիկ միջոց, այլ որպես քաղաքական գործիք։ Ազատ արձակված անձանց նկատմամբ տնային կալանքի շարունակական կիրառումը՝ խիստ սահմանափակումներով, ստեղծում է տպավորություն, որ պատժի ձևը փոխվում է, բայց բուն սահմանափակումը մնում է։ Սա չի նպաստում ոչ դատական համակարգի հեղինակությանը, ոչ հանրային վստահությանը։

Ժողովրդավարական դիմակայունությունը չափվում է իշխանության հանդեպ քննադատության հանդուրժողականությամբ և արդար դատաքննության իրական երաշխիքներով, ոչ թե միջազգային հարթակներում հնչեցված գնահատականներով։

Անդրադարձ է կատարվել նաև Հայաստանում կայանալիք ՄԱԿ Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին՝ մարդու իրավունքների թեմատիկայի ընդգծմամբ։

Միջազգային բարձր մակարդակի միջոցառումների կազմակերպումը կարևոր է։ Բայց մարդու իրավունքների թեմայի ընդգծումը պահանջում է, որ նույն իրավունքները լիարժեք պաշտպանված լինեն երկրի ներսում։ Սա վերաբերում է քաղաքական բազմակարծությանը, հանրային խոսքի ազատությանը և կրոնական կազմակերպությունների ինքնավարությանը։

Հայաստանի Սահմանադրությամբ Հայ Առաքելական եկեղեցին ունի առանձնահատուկ կարգավիճակ։ Եկեղեցու նկատմամբ պետական կառույցների հրապարակային և քաղաքականացված հռետորաբանությունը, ինչպես նաև իրավական ճնշման տարրեր պարունակող գործողությունները հանրային դաշտում ընկալվում են որպես սահմանադրական հավասարակշռության խախտման վտանգ։ Պետության և եկեղեցու հարաբերությունները պետք է կարգավորվեն իրավական դաշտում, ոչ թե քաղաքական հակադրության տրամաբանությամբ։

Մարդու իրավունքների մասին քննարկումները միջազգային հարթակներում կարևոր են։ Սակայն դրանց արժանահավատությունը կախված է նրանից, թե որքան հետևողական են այդ սկզբունքները կիրառվում Հայաստանի ներսում։

Նարինե Գաբրիելյան

Հետևեք մեզ նաև Telegram-ում