Իրանի դեմ գործողությունը կարող է ավարտվել առաջիկա օրերի․ Դոնալդ Թրամփ

Իրանի դեմ գործողությունը կարող է ավարտվել առաջիկա օրերի․ Դոնալդ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը  հայտարարել է, որ Իրանի դեմ իրականացվող ռազմական գործողությունը կարող է ավարտվել առաջիկա օրերին՝ նշելով, որ Վաշինգտոնն արդեն զգալի արդյունքներ է գրանցել։

Թրամփի խոսքով՝ «Էպիկական կատաղություն» անվանումը կրող գործողությունը մեկնարկել է որպես սահմանափակ ռազմական գործողություն՝ ուղղված Իրանից եկող սպառնալիքի չեզոքացմանը։ Նա ընդգծել է, որ գործողությունն ի սկզբանե նախատեսված է եղել կարճաժամկետ, թեև, նրա խոսքերով, «վերջնական հաղթանակը դեռ լիովին չի արձանագրվել»։

ԱՄՆ նախագահի պնդմամբ՝ Իրանի հետ կապվող մի շարք զինված կառույցների առաջնորդներ ոչնչացվել են կամ գտնվում են ոչնչացման եզրին, իսկ երկրի հրթիռային ներուժը կրճատվել է մոտավորապես մինչև 10 տոկոս։ Թրամփը նաև նշել է, որ ԱՄՆ-ը տեղյակ է անօդաչու սարքերի արտադրության բոլոր հիմնական օբյեկտների մասին և շարունակում է հարվածներ հասցնել դրանց

Նրա հայտարարությամբ՝ ամերիկյան ուժերը խորտակել են 51 նավ, ոչնչացրել մի շարք կարևոր ռազմական օբյեկտներ և շարունակում են վերահսկել մի շարք ռազմավարական թիրախներ՝ հնարավոր հետագա սրման դեպքում։ Այդ թիրախների թվում են նաև էներգետիկ ենթակառուցվածքները, որոնց վրա հարվածները, ըստ Թրամփի, կարող են տարիներով հետ մղել Իրանի հնարավորությունները։

Թրամփը նաև  նշել է, որ եթե ԱՄՆ-ը հարված չհասցներ՝ կիրառելով B-2 կործանիչներ, ապա Իսրայելը կարող էր կանգնել լուրջ սպառնալիքի առաջ։

ԱՄՆ նախագահը նաև հայտարարել է, որ Հորմուզի նեղուցը կմնա ԱՄՆ վերահսկողության տակ, և Իրանի կողմից նավթի մատակարարումները փակելու ցանկացած փորձ կհանգեցնի «նախորդներից 20 անգամ ավելի հզոր» հարվածի։ Նրա խոսքով՝ նման դեպքում Իրանը կբախվի «մահվան, կրակի և կատաղության»։

Թրամփը հավելել է, որ ԱՄՆ-ը մշակում է նոր տեխնոլոգիաներ, այդ թվում՝ լազերային հակաօդային պաշտպանության համակարգեր, որոնք ապագայում կարող են փոխարինել Patriot համակարգերին՝ զգալիորեն ավելի ցածր ծախսերով։

ԱՄՆ նախագահը նաև տեղեկացրել է, որ «շատ լավ հեռախոսազրույց» է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որի ընթացքում քննարկվել են Մերձավոր Արևելքի իրավիճակը և Ուկրաինայում պատերազմը։ Նրա խոսքով՝ Ռուսաստանը պատրաստակամություն է հայտնել ունենալ կառուցողական դերակատարում։

Բացի այդ, Թրամփը նշել է, որ Վաշինգտոնը կարող է ժամանակավորապես մեղմել նավթի հետ կապված որոշ պատժամիջոցներ՝ համաշխարհային գների կայունացման և էներգակիրների անխափան մատակարարման ապահովման նպատակով։

Նա ընդգծել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ են ապահովել նավագնացության անվտանգությունը Հորմուզի նեղուցում և անհրաժեշտության դեպքում ռազմական նավերով ուղեկցել նավթատար տանկերներին։

Թրամփի խոսքով՝ Իրանի դեմ գործողության ավարտը կարող է տեղի ունենալ մի քանի օրերի ընթացքում, սակայն իրավիճակի հետագա զարգացումը կախված կլինի Թեհրանի քայլերից։

Հետևեք մեզ նաև Telegram-ում