Ապահովագրությունը լավ է, բայց ոչ բուժաշխատողի հաշվին, ինչպե՞ս ապրել 62 հազար դրամով. Անուշ Պողոսյան
Կարդացեք նաև
Հարգելի նախարար, ինչպե՞ս կարելի է ապրել 62 000 դրամ աշխատավարձով, մանկաբարձ-գինեկոլոգ եմ, ունեմ 35 տարվա աշխատանքային ստաժ։ Համակարգի ներդրումից հետո ունեցել եմ աշխատավարձի նվազում. այս և ևս մի քանի բողոք ընթերցեց «Բժշկի ձայն» նախաձեռնող խմբի անդամ, «Առողջության իրավունք» ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանը՝ առողջության համընդհանուր պարտադիր ապահովագրության համակարգի խնդիրներին նվիրված խորհրդարանական քննարկման ժամանակ։
Նրա խոսքով՝ բողոքներից մեկը գրել էր, որ պոլիկլինիկայի բուժքույր է և արդեն 2 ամիս է՝ դեռևս չի ստացել աշխատավարձը։ Մեկ այլ բժիշկ գրել էր․ «Առանց այդ էլ ստանում ենք բժշկի համար խայտառակ աշխատավարձ՝ 135 000 դրամ։ Որոշեցիք, որ դա էլ է շատ։ Ապահովագրությունը լավ բան է, բայց ոչ բժշկի հաշվին»։ Մեկ ուրիշ բուժաշխատող էլ հորդորել էր ոչինչ չգրել, քանի որ կարող են աշխատանքից ազատել։
Անուշ Պողոսյանի խոսքով՝ այս և բազմաթիվ այլ գրառումներ բուժաշխատողների արձագանքներն են նախարար Անահիտ Ավանեսյանի տեսանյութին, երբ նա որոշ քաղաքական շրջանակներին մեղադրում էր չստացված ակցիաներ կազմակերպելու և լրատվամիջոցներով «տեռոր» իրականացնելու մեջ։
ՀԿ-ի նախագահը նշեց, որ Ավանեսյանը հայտարարում է՝ բաց է քննարկումների համար, սակայն ո՛չ ինքը, ո՛չ էլ մյուս պատասխանատուները չեն ներկայանում խնդրի շուրջ քննարկումներին։
«Դա բացատրում է մի բան՝ ասելիք չունեն։ Չունեն պարզաբանում, թե ինչու են բժիշկները 2-3 անգամ ցածր աշխատավարձ ստանում, ինչու են տնօրեններին հանձնարարել արդեն իսկ ցածր աշխատավարձերից ևս պահումներ կատարել՝ աշխատավարձային ֆոնդից 1/10-ի չափով»,– ասաց նա։
Պողոսյանի խոսքով՝ բուժաշխատողներին փաստացի ասում են՝ եթե չեք ցանկանում աշխատել ավելի ցածր աշխատավարձով, դիմում գրեք և հեռացեք աշխատանքից։ «Մեկ պայման էլ են դրել՝ սոցիալական ցանցերում բողոքող գրառումներ չանեք, հակառակ դեպքում կազատվեք աշխատանքից։ Բայց գովելը կարող են, դա նույնիսկ խրախուսվում է»,-նշեց նա։
Չնայած դրան՝ Պողոսյանն ընդգծեց՝ բուժաշխատողները պետք է իմանան, որ իրենց խնդիրների հետ մենակ չեն, և կառավարությունը պարտավոր է պատասխան տալ բարձրացված հարցերին։
Հետևեք մեզ նաև Telegram-ում