ԿԺԴՀ-ն անհայտ արկեր է արձակել արևելյան ուղղությամբ․ Կորեայի հանրապետության զինուժ

ԿԺԴՀ-ն անհայտ արկեր է արձակել արևելյան ուղղությամբ․ Կորեայի հանրապետության զինուժ

Կորեայի ժողովրդա-դեմոկրատական հանրապետությունը դեռևս չնույնականացված արկեր է արձակել արևելյան ուղղությամբ․ դրանց քանակն առայժմ հստակեցված չէ: Այս մասին հայտնում է չինական Xinhua լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով Կորեայի Հանրապետության Շտաբների պետերի միացյալ կոմիտեին։

Արկերն արձակվել են Կորեայի Հանրապետության և ԱՄՆ՝ «Ազատության վահան» կոչվող 11-օրյա համատեղ զորավարժությունների ընթացքում, որոնք տևելու են մինչև մարտի 19-ը։ Շտաբների պետերի միացյալ կոմիտեն ներկայում վերլուծում է արկերի բնութագրերը և հեռահարությունը։

Սեուլը և Վաշինգթոնը պնդում են, որ համատեղ զորավարժությունները պաշտպանական բնույթի են, սակայն ԿԺԴՀ-ն դրանք որակել է իր տարածք ներխուժելու գլխավոր փորձ։

ԿԺԴՀ-ն հունվարի 27-ին բալիստիկ հրթիռ էր արձակել դեպի արևելք՝ ծովի ուղղությամբ: Եթե հաստատվի, որ սա նույնպես բալիստիկ հրթիռ է եղել, ապա դա կլինի այս տարվա ընթացքում նման հրթիռի արձակման երրորդ գրանցված դեպքը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում