«Վախի ընտրաքվեն» որպես իշխանության նոր քաղաքական բրենդ. Վլադիմիր Մարտիրոսյան

«Վախի ընտրաքվեն» որպես իշխանության նոր քաղաքական բրենդ. Վլադիմիր Մարտիրոսյան

Քաղաքագետ Վլադիմիր Մարտիրոսյանը գրում է․«Մետրոյի հայտնի միջադեպը ամբողջությամբ փոխել և կոտրել է իշխանության նախընտրական քաղաքական ինժեներիան: Վերջին երեք օրերի ընթացքում իշխանությունը անձամբ խժռեց հենց իր «խաղաղություն» նախընտրական բրենդը: Քանի որ քաղաքական աղմուկը շատ է, իսկ իշխանության ջանքերը մեծ են կոծկել նախկին սխալները անդադար նոր սկանդալների և աբսուրդների արտադրության միջոցով, հարկ է անդրադառնալ #վերջնախաղում գտնվող այս իշխանության՝ «Վախի ընտրաքվե» բրենդին, ինչը դարձել է իշխանության վերջին բաստիոնը:

Փաշինյանը այլևս անցել է քաղաքականության մեջ այն կարմիր գիծը, որը անցնելու պահից առաջնորդը դադարում է լինել պետության անվտանգության երաշխավոր և վերածվում է սեփական իշխանության պահպանման տեխնոլոգի։

Այդ գիծը անցնում է հենց այնտեղ, որտեղ պատերազմի սպառնալիքը դադարում է լինել չեզոքացման ենթակա ռիսկ և սկսում է ծառայել որպես ընտրական գործիք։ Պետության իրական առաջնորդը պատերազմը չի «վաճառում»։ Նա այն կանխում է, պատրաստվում է դրան, մոբիլիզացնում է պետությունը, ուժեղացնում է ինստիտուտները, կառուցում է դիմադրողականություն և այդ աշխատանքի արդյունքով ստանում է հանրային վստահություն։Էսպես է բոլոր նորմալ երկրներում և նորմալ առաջնորդություններում:

Բայց երբ նույն այդ սպառնալիքը վերածվում է ընտրական լծակի, տեղի է ունենում վտանգավոր շրջադարձ։ Այստեղ պատերազմը այլևս արտաքին ռիսկ չէ։

Այն դառնում է ներքին քաղաքական տեխնոլոգիա։ Եվ հենց այստեղ է ծնվում «վախի ընտրաքվեն»։

«Վախի ընտրաքվեն» քաղաքական երևույթ է, երբ ընտրողին չեն առաջարկում անվտանգություն, այլ պարտադրում են վախ։ Չեն առաջարկում լուծում, այլ առաջարկում են կախվածություն։

Չեն ասում՝ «ես կկանխեմ պատերազմը», այլ ասում են՝ «եթե ինձ չընտրեք՝ պատերազմ կլինի»։

Սա արդեն քաղաքականություն չէ։ Սա հոգեբանական վերահսկողության մեխանիզմ է։ Այստեղ ընտրությունը դադարում է լինել ազատ կամարտահայտություն և վերածվում է գոյաբանական շանտաժի։ Կրկնում եմ գոյաբանական շանտաժի, որը որևէ կերպ այլևս չի կարող լեգիտիմ համարվել: Քաղաքացին այլևս չի ընտրում ապագա։ Նա փորձում է խուսափել պարտադրված սպառնալիքից։

Եվ հենց այս կետում «վախի ընտրաքվեն» դառնում է ոչ թե պարզապես գործիք, այլ ամբողջական քաղաքական բրենդ։

Փաշինյանի քաղաքական մոդելը վերջին փուլում կառուցվում է հենց այս առանցքի վրա։ Խաղաղությունը նրա մոտ այլևս արժեք չէ՝ այն դարձել է պայմանականություն։ Պայման՝ իր վերարտադրության դիմաց։

Հետևեք մեզ նաև Telegram-ում