Բաքուն անցնում է հակագրոհի՝ ոչ միայն Հայոց ցեղասպանության ժխտմանը, այլ դրա վերջնական չեզոքացմանը. Արմեն Հովասափյան
Կարդացեք նաև
Քաղաքագետ Արմեն Հովասափյանը գրում է. «Այսօր տեղեկություն տարածվեց, որ Ադրբեջանի մարդու իրավունքների հանձնակատար (օմբուդսմեն) Սաբինա Ալիևան հայտարարություն է տարածել՝ պահանջելով 1918թ.-ի իրադարձությունները ճանաչել որպես «ցեղասպանություն»։ Ալևան մասնավորապես նշել է․ «Միջազգային կազմակերպությունները և ՄԱԿ-ի անդամ պետությունները պետք է սկզբունքային դիրքորոշում ընդունեն հայերի կողմից ադրբեջանցիների դեմ կատարված համակարգված «էթնիկ զտումների և ցեղասպանության հանցագործությունների վերաբերյալ» և 1918 թվականի իրադարձությունները ճանաչեն որպես «ցեղասպանություն»։
Միանգամից հիշեցի այն դրվագը, թե ինչպես էր նիկոլ Փաշինյանը կառավարության նիստին հաջորդած իր ասուլիսի ժամանակ կուրծք ծեծում Հայոց Ցեղասպանության թեմայի հետ կապված՝ ընդգծելով, թե «նման խոսույթը լավ տեղ չի տանում»։
Փաշինյանն այս առիթով բառացի ասել էր հետևյալը․ «Բավարար է ժողովրդին սնենք նոր ցեղասպանությունների մասին տվյալներով, այդ մրցավազքը պետք է դադարեցնել, մեր տարածաշրջանում բոլորը բոլորին մեղադրում են ցեղասպանության մեջ։ Ես որպես Հայաստանի վարչապետ հրաժարվում է այսպես կոչված պատմական արդարության վերականգնման օրակարգից ՝ համարելով, որ պետք է գնալ արդար ներկայի հետևից: Ցեղասպանությունների մասին խոսույթով մենք ստանում ենք ցեղասպանությունների մասին խոսույթ, վերադարձի մասին խոսելով մենք ստանում ենք վերադարձի մասին խոսույթ»։
Ինչպես տեսնում ենք՝ Բաքվում չեն էլ մտածում պատերազմի և ցեղասպանության հռետորաբանությունից հրաժարվելուց։ Հայոց իրական Ցեղասպանության ժխտմանը հակադրվում է ինչ-որ հորինված «ադրբեջանցիների ցեղասպանություն», և Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման մերժմանը զուգահեռ՝ օրակարգ է բերվում «ադրբեջանցիների ցեղասպանության ճանաչումը»։ Սա խոսում է այն մասին, որ Փաշինյանի կողմից ամիսներ շարունակ այն «տեղեկատվական տեռորը», թե «ՀՀ-ն այլևս մտել է խաղաղության դարաշջան», հերթական ժանգլյորությունն է և իրականության հետ ոչ մի աղերս չունի։
Հ․գ․ Ի դեպ՝ գրեթե նույն տրամաբանությունը գործել է նաև նախկին Հարավսլավիայի տարածքում՝ հատկապես Բոսնիական պատերազմի ընթացքում և դրանից հետո։ Երբ տեղի ունեցավ Սրեբրենիցայի կոտորածը, որը միջազգային դատարանների կողմից ճանաչվեց որպես ցեղասպանություն, սերբական քաղաքական ու մտավոր դաշտում արագ ձևավորվեց հակաթեզ՝ «բոլորը բոլորին են սպանել»։ Այս մոտեցման նպատակն էր ոչ թե արդարանալ, այլ ջնջել պատասխանատվության եզակի լինելու թեման»: