Պատերազմի արդյունքը հնարավոր կլինի պարտադրել միայն նոր պատերազմում ջախջախիչ հաղթանակ տանելուց հետո. Արման Մելիքյան

Պատերազմի արդյունքը հնարավոր կլինի պարտադրել միայն նոր պատերազմում ջախջախիչ հաղթանակ տանելուց հետո. Արման Մելիքյան

Times.am-ը զրուցել է ԼՂՀ  արտաքին գործերի նախկին նախարար Արման Մելիքյանի հետ:

Արդեն 5 օր է հայկական կողմին չի հաջողվում մոտենալ ուղղաթիռի խոցման վայրին, ըստ Ձեզ՝ ի՞ նչ միջոցներ պետք է ձեռնարկվեն՝ կտրուկ ռազմակա՞ն, թե՞ ամեն դեպքում պետք է շարունակեն բանակցությունները Կարմիր Խաչի և ԵԱՀԿ-ի հետ:

-Այս պահին սա ամենակարևոր հարցն է: Ես կարծում եմ, որ արդեն բավականաչափ ժամանակ է անցել, որպեսզի Կարմիր Խաչը, ԵԱՀԿ-ն իրենց որոշակի քայլերի արդյունքների մասին իրազեկած լինեին հայկական կողմին: Սա այն դեպքն է, երբ ոչ թե Հայաստանի ՊՆ -ն, այլ Արցախի քաղաքական ղեկավարությունը պետք է համապատասխան քայլեր նախաձեռնի և ռազմաճակատում, և դիվանագիտական ճակատում: Նման հանգամանքներում ակտիվ բանակցություններն ու հարցի լուծմանն ուղղված կտրուկ ուժային գործողությունները ոչ թե այլընտրանքային և իրար բացառող, այլ փոխլրացնող միջոցներ են:

-Արտաքին քաղաքական և ռազմաքաղաքական ի՞նչ ենթատեքստ կար Ադրբեջանի այս քայլի հետևում թաքնված, ինչո՞ ւ նման քայլի գնաց, արդյո՞ ք կարելի է ենթադրել, որ պատերազմը շատ մոտ է:

-Պատերազմը ոչ թե մոտ է, այլ դեռ չի ավարտվել: Իսկ Ադրբեջանը պարզապես օգտվեց բանակցային գործընթացում իր ունեցած քաղաքական դիրքի ընձեռած հնարավորություններից. սա դիպուկահարների ու դիվերսանտների պատերազմը նոր բովանդակությամբ լցնելու միջոց էր, որն այս պահին բացառապես քաղաքական նպատակներ է հետապնդում:

-Ինչպե՞ս եք գնահատում միջազգային կառույցների, մեր ռազմավարական դաշնակից՝ ՌԴ-ի պահվածքը այս հարցում, ինչպես նաև՝ Իրանի, ի վերջո, ԻԻՀ-ի նախագահի այցի հետ համընկավ այս դեպքը:

Մենք ինքներս պետք է մեր խնդիրների լուծումն ապահովելու ուղիներ մշակենք, որևէ մեկը դա մեր փոխարեն չի անի և դա բնական է: Իսկ Ձեր մատնանշած համընկնումը ևս մեկ անգամ ընդգծում է այն, որ հակառակորդը կարողանում է իր ագրեսիվ գործողությունների համար նպաստավոր պահերը որսալ ու այնպես անել, որ այլոք ևս՝ կամա, թե ակամա, կիսեն դրանց համար պատասխանատվությունը:

-Ռազմական այս միջադեպը բանակցային գործընթացում ի՞նչ փոփոխություն պետք է մտցնի, երեկ ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանն ասաց, որ այլևս չպետք է խոսենք փոխզիջումների մասին, այլ  պարտադրենք պատերազմի արդյունքը:

-Պարոն Շիրխանյանն առաջին հերթին ռազմական ոլորտի գործիչ է և իր արտահայտած տեսակետն ավելի հարիր է հենց զինվորականին: Մեր պարագայում պատերազմի արդյունքը հնարավոր կլինի պարտադրել միայն նոր պատերազմում ջախջախիչ հաղթանակ տանելուց հետո: Համոզված եմ, որ հարցը խաղաղ ճանապարհով լուծելու քաղաքական ու դիվանագիտական միջոցներն ամենևին էլ սպառված չեն, պարզապես առաջնային պայմանն այն է, որ Հայաստանի և Արցախի համապատասխան պետական կառույցները պետք է ունակ լինեն մշակել և շրջանառության մեջ դնել նոր մոտեցումներ: Կարծում եմ, որ սկզբնական շրջանում այս միջոցներով առնվազն կարելի է գոնե ճակատային գծում առկա անընդունելի իրավիճակին վերջ տալ:

ՄԱՐԻԱՄ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում