Հայ որբերի գորգը 5 օր կցուցադրվի Սպիտակ տան այցելուների սրահում

Հայ որբերի գորգը 5 օր կցուցադրվի Սպիտակ տան այցելուների սրահում

Սպիտակ տան այցելուների սրահում նոյեմբերի 18-23-ը կցուցադրվի հայ որբերի գործած գորգը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Ասպարեզ»-ը, մինչև գորգի ցուցադրությունը կոնգրեսականներ Ադամ Շիֆը, Դեյվիդ Վալադաոն եւ հայ համայնքի մի շարք ներկայացուցիչներ մամուլի ազգային ակումբում հանդես կգան ասուլիսով եւ կներկայացնեն գորգի ստեղծման պատմությունը: Ասուլիսի ավարտից հետո կոնգրեսականները, ովքեր շուրջ մեկ տարի պայքարել են թուրքական քարոզչության դեմ եւ հասել գորգի ցուցադրության թույլտվությանը, կայցելեն Սպիտակ տուն` մասնակցելու ցուցադրույթի բացման արարողությանը:

Ցուցահանդեսը կոչվում է «Շնորհակալություն ԱՄՆ-ին. երեք նվեր նախագահներին՝ ի երախտագիտություն արտերկրում ամերիկյան մեծահոգության», որտեղ հայկական գորգի կողքին կներկայացվեն 1930 թվականին Ֆրանսիայից ստացված Սևրի ծաղկամանը` Ֆրանսիայում երեխաներին սննդով ապահովելու համար, նաև ապակու մեջ ծաղկող ճյուղը, որն ԱՄՆ ներկայիս նախագահ Օբամային են նվիրել ճապոնացիները` 2010 թվականի երկրաշարժից ու ցունամիից հետո տրամադրված օգնության համար:

1920թ. Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի օգնությամբ հիմնադրված Ղազիրի որբանոցի հայ աղջիկները 10 ամիս շարունակ գործել են հայկական գորգը։ Այն ԱՄՆ նախագահ Քելվին Քուլիջին է ներկայացվել 1925 թվականի դեկտեմբերի 4-ին, Սուրբ Ծննդյան տոների առթիվ։ Նախագահի պաշտոնից հեռանալու ժամանակ (1929 թվական) Քուլիջն իր հետ տանում է գորգը` որպես անձնական նվեր, սակայն 80-ականներին այն վերադարձնում են Սպիտակ տուն, որից հետո գորգը միայն երկու անգամ է հրապարակայնորեն ցուցադրվել:

Հայ որբերի գորգն ավելի քան քսան տարի պահված է եղել Սպիտակ տան նկուղում: Գորգի ցուցադրությունը մի քանի անգամ հետաձգվել է, ինչն առաջացրել է հայ համայնքի եւ մի շարք կոնգրեսականների վրդովմունքը: Հայ որբերի գորգի ցուցադրման թեման հատկապես վերջին տարիներին հաճախ է հայտնվում միջազգային ու տեղական լրատվամիջոցների էջերում, քաղաքական գործիչների օրակարգում: Պատճառը նրա կապն է Հայոց ցեղասպանության հետ, գորգի խիստ խորհրդանշական բնույթը: Այն ընկալվում է որպես հայերի հայրենազրկման ու կոտորածների, որբ մնացած երեխաների ճակատագրի արտացոլում: Վաշի? ?գտոնում խուսափում են գորգը հանրությանը ներկայացնելուց` փորձելով չնեղացնել թուրքերին: Թուրքիայում չեն ցանկանում, որպեսզի Հայոց ցեղասպանությունը մարմնավորող այս մասունքը հանրայնացվի եւ ամեն կերպ փորձում ենկանխել գորգի ցուցադրման ցանկացած փորձ:

Գորգը հարուստ է զարդանախշերով: Հետևելով գորգի նախշերին՝ կարելի է տեսնել բույսեր և կենդանիներ, որոնք պատկերում են Դրախտը:

Գորգը գործվել է Ղազիր քաղաքում (այժմյան Լիբանանում) ՝որպես երախտիք ԱՄՆ-ի կոմից ցուցաբերած օգնության, հենց այդ պատճառով էլ այն հաճախ անվանում են Ղազիրի գորգ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում