Կացը հայտնել է, որ Իսրայելի բանակը չի նահանջելու Լիբանանում իր դիրքերից

Կացը հայտնել է, որ Իսրայելի բանակը չի նահանջելու Լիբանանում իր դիրքերից

Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման հետ կեսգիշերին մեկնարկած 10-օրյա հրադադարը ժամանակավոր է, և որ Իսրայելի պաշտպանության բանակը մտադիր չէ դուրս գալ Լիբանանի տարածքից։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Times of Israel-ը։

«Իսրայելի պաշտպանության բանակը պահպանում է և կշարունակի պահպանել բոլոր այն տարածքները, որոնք մաքրել և գրավել է։ Լիբանանում ցամաքային գործողությունները և Լիբանանի ողջ տարածքում «Հեզբոլլահ»-ի դեմ հարվածները բազմաթիվ նվաճումների են հանգեցրել, բայց դրանք դեռևս չեն ավարտվել», – նշել է Կացը։

Նա նշել է, որ Իսրայելը «Հեզբոլլահ»-ի դեմ պատերազմի կիզակետում է, և որ ռազմական գործողությունները ժամանակավոր են սառեցվել

««Հեզբոլլահ»-ի զենքի ռազմական կամ դիվանագիտական ​​միջոցներով ոչնչացումը եղել և մնում է արշավի նպատակը, որին մենք հավատարիմ ենք», – շեշտել է նա՝ հավելելով, որ ներկայում ԱՄՆ նախագահի անմիջական ներգրավվածության միջոցով ստեղծվել է նաև նշանակալի դիվանագիտական ​​լծակ՝ միաժամանակ ճնշում գործադրելով Լիբանանի կառավարության վրա։

Կացը հայտնել է, որ Լիբանանում սպանվել է «Հեզբոլլահ»-ի ավելի քան 1700 մարտիկ՝ հավելելով, որ այդ թիվը կրկնակի գերազանցում է 2006 թվականի լիբանանյան պատերազմի ցուցանիշը։

Կացի խոսքով՝ Լիբանանի հարավում գտնվող նոր անվտանգության գոտում, որը ձգվում է մինչև Լիտանի գետը, դեռևս կան «Հեզբոլլահ»-ի մարտիկներ և զենքեր։

«Եթե ռազմական գործողությունները վերսկսվեն, անվտանգության գոտի վերադարձող բոլոր բնակիչները ստիպված կլինեն տարհանվել, որպեսզի առաքելությունն ավարտվի»,- նշել է նա՝ ընդգծելով, որ Իսրայելը կհարվածի նաև Լիտանի գետից հյուսիս գտնվող «Հեզբոլլահ»-ի թիրախներին։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Իսրայելի և Լիբանանի իշխանությունները համաձայնեցրել են տասնօրյա հրադադարը։ Իսրայելը 1,5 ամիս հարվածներ էր հասցնում Լիբանանին՝ Իրանին աջակցող «Հեզբոլլահ» շարժման դեմ պայքարի շրջանակում։ Իսրայելական հարվածներից Լիբանանում շուրջ 2200 մարդ է զոհվել։

Լիբանանի ազգային լրատվական գործակալությունը հայտնել է հրադադարի խախտումների մասին, որի հետևանքով զոհեր ու վիրավորներ են արձանագրվել։

Հետևեք մեզ նաև Telegram-ում