Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը

Իրանի ռազմական հրամանատարության «Խաթամ ​​ալ-Անբիա» կենտրոնական շտաբի խոսնակ Էբրահիմ Զոլֆաղարին հայտարարել է, որ Իրանի զինված ուժերը վերականգնել են Հորմուզի նեղուցի նկատմամբ ռազմական վերահսկողությունը ԱՄՆ-ի կողմից իրականացված շրջափակումից հետո։

«Իրանի Իսլամական Հանրապետությունը, հետևելով բանակցությունների ընթացքում ձեռք բերված նախորդ համաձայնություններին, բարի կամքով համաձայնել է նավթային և առևտրային նավերի սահմանափակ և վերահսկվող անցմանը Հորմուզի նեղուցով։ Սակայն, ցավոք, ամերիկացիները, իրենց պարտավորությունների բազմաթիվ խախտումներով, շարունակում են զբաղվել ծովահենությամբ և ծովային կողոպուտով՝ այսպես կոչված շրջափակման պատրվակով։ Այդ պատճառով Հորմուզի նեղուցի վերահսկողությունը վերադարձել է իր նախկին կարգավիճակին, և այս ռազմավարական նեղուցը գտնվում է զինված ուժերի խիստ կառավարման և վերահսկողության ներքո», – նշել է նա։

Նշենք, որ ուրբաթ օրը Աբբաս Արաղչին, ի պատասխան Լիբանանում հրադադարի, հայտարարել է, որ Հորմուզի նեղուցը լիովին բաց է բոլոր առևտրային նավերի համար հրադադարի ընթացքում։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իրանական նավահանգիստների շրջափակումը շարունակվում է՝ չնայած Հորմուզի նեղուցի բացմանը, և կշարունակվի մինչև Թեհրանի հետ համաձայնագրի լիարժեք իրականացումը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում