Սա ոչ միայն բացահայտ հակասում է դավանաբանական կանոններին, այլև աշխարհիկ օրենսդրությանը. Գևորգ Դանիելյան

Սա ոչ միայն բացահայտ հակասում է դավանաբանական կանոններին, այլև աշխարհիկ օրենսդրությանը. Գևորգ Դանիելյան

Իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր, Մայր Աթոռի Գերագույն հոգևոր խորհրդի անդամ Գևորգ Դանիելյանը գրում է․ «Զինված ուժերում հոգևոր ծառայությունը, ըստ էության, պետականացնելուց հետո հերթը հասավ քրեակատարողական հիմնարկներին: Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին այլևս զրկված է իր հոգևոր ներկայացուցիչներն ունենալու իրավունքից, իսկ հոգևոր ծառայության նշանակվում են աշխատավարձ նախատեսող պետական մարմինների հետ պայմանագիր կնքած այն սակավաթիվ հոգևորականները, որոնք միացել են հակաեկեղեցական արշավին։

Գործող հոգևորականների հետ տևական ժամանակ տարված «աշխատանքը», այդ թվում՝ բարձր աշխատավարձի գայթակղությամբ, արդյունք չտվեց, ինչը պետք է հասկանալի լիներ ի սկզբանե:

Սա ոչ միայն բացահայտ հակասում է դավանաբանական կանոններին, այլև աշխարհիկ օրենսդրությանը, մասնավորապես «Հայաստանի Հանրապետության և Հայաստանյան Առաքելական Սուրբ Եկեղեցու հարաբերությունների մասին» օրենքի 10-րդ հոդվածին. «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԻ ՈՒՆԵՆԱԼՈՒ ՄՇՏԱԿԱՆ ՀՈԳԵՎՈՐ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ հիվանդանոցներում, մանկատներում, տուն-ինտերնատներում, զորամասերում, ազատազրկման վայրերում, ներառյալ` քննչական մեկուսարաններում»: Ի դեպ, այս օրենքում չխախտված հոդված արդեն չի մնացել, սկսած՝ «Հայ Եկեղեցու պատմություն» առարկան ենթաօրենսդրական ակտերով հանելուց: Բնորոշն այն է, որ նախապատվությունը տրվում է ոչ թե «գործող» օրենքը փոխելուն, այլ պարզապես այն չնկատելուն:

Նույն կերպ, Ներման հանձնաժողովում վերջին օրերին կատարված փոփոխությունների արդյունքում չի կարող Հայ Եկեղեցու ներկայացուցիչ համարվել առանց Հայ Եկեղեցու համաձայնության նշանակված անձը:

Այսպիսով, Բագրատ Սրբազանը ոչ թե ընդհանրապես է հրաժարվել Սուրբ Հաղորդությունից, այլ հրաժարվել է ապօրինի պետականացված ծառայությունից …»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում