Եկեղեցին պարզապես քարե շինություն չէ, այլ Քրիստոսի մարմինն է, որտեղ յուրաքանչյուրս իր տեղն ունի․ Տեր Վրթանես

Եկեղեցին պարզապես քարե շինություն չէ, այլ Քրիստոսի մարմինն է, որտեղ յուրաքանչյուրս իր տեղն ունի․ Տեր Վրթանես

Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Վրթանես քահանա Բաղալյանը գրում է․ «Սուրբ Եկեղեցու մասին

Սիրելի՛ եղբայրներ և քույրեր ի Քրիստոս,

Այսօր ուզում եմ ձեզ հետ խորհրդակցկել Եկեղեցու մասին՝ որպես կենդանի համայնքի, որպես մկրտված հավատացյալների միության, որոնք համախմբված են իրենց հոգևոր հովիվների շուրջ։

Եկեղեցին պարզապես քարե շինություն չէ, այլ Քրիստոսի մարմինն է, որտեղ յուրաքանչյուրս իր տեղն ունի։ Այս մարմնի մեջ Աստված կարգ է հաստատել, որպեսզի մենք չկորչենք խառնաշփոթի մեջ, այլ քայլենք ճշմարտության և սիրո ճանապարհով։ Այդ կարգի մեջ կարևոր տեղ ունեն եպիսկոպոսը և երեցը՝ որպես համայնքի անմիջական հովիվներ։

Սակայն Եկեղեցին միայն տեղական համայնք չէ։ Այն համընդհանուր է, միավորված ոչ միայն մեկ վայրում, այլ ամբողջության մեջ։ Եվ այս միասնության տեսանելի խորհրդանիշն ու հոգևոր կենտրոնը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն է, որտեղ Ամենայն Հայոց  հայրապետի նստավայրն է։ Վեհափառ Հայրապետը, որ Աստծուց կոչված է լինելու մեր Եկեղեցու  Հովվապետ՝ Հովիվների Հովիվը։

Կաթողիկոսը պարզապես վարչական առաջնորդ չէ։ Նա Սուրբ Հոգու առաջնորդությամբ կրում է ողջ Եկեղեցու հոգածությունը։ Ինչպես եպիսկոպոսը միավորում է իր թեմը, այնպես էլ կաթողիկոսը միավորում է ամբողջ Եկեղեցին՝ պահելով հավատքի մաքրությունը, ավանդության անխախտությունը և եղբայրական միասնությունը։ Նրա ծառայությունը հիշեցնում է մեզ, որ Եկեղեցին մեկ է՝ ոչ թե բաժանված, այլ` միավորված սիրով և ճշմարտությամբ։

Երբ մենք հիշում ենք մեր Հայրապետին աղոթքներում, երբ ընդունում ենք նրա հայրական առաջնորդությունը, մենք վկայում ենք, որ պատկանում ենք մի մեծ ընտանիքի, որի գլուխը Քրիստոսն է, իսկ Հովվապետը՝ Նրա ծառայության մեջ կանգնած հավատավոր Առաջնորդը։ Սա ոչ թե մարդկային իշխանության հարց է, այլ ծառայության՝ խոնարհ և պատասխանատու ծառայության, որն իրականացվում է Սուրբ Հոգու ներգործությամբ։

Սիրելինե՛ր, այսօր առավել քան երբևէ կարևոր է պահել այս գիտակցությունը։ Աշխարհը մեզ սովորեցնում է ապրել անկախ, ինքնաբավ, առանց ենթարկվելու որևէ մեկի։ Բայց Եկեղեցու ճանապարհը այլ է. այստեղ ազատությունը գտնում ենք հնազանդության մեջ, իսկ ինքնությունը՝ միասնության մեջ։

Եկե՛ք, ուրեմն, սիրե’նք և հարգե’նք մեր հովիվներին՝ երեցներին, եպիսկոպոսներին և մեր հայրապետ կաթողիկոսին։ Եկե՛ք աղոթենք նրանց համար, որպեսզի Սուրբ Հոգին զորացնի նրանց իրենց դժվարին ծառայության մեջ։ Եվ մենք էլ մնանք հավատարիմ՝ որպես հոտի անդամներ, լսելով բարի Հովվի ձայնը, որը հնչում է Իր եկեղեցու միջով։

Քանի որ այնտեղ, որտեղ կա այս աստվածահաստատ կարգը՝ ժողովուրդ, հովիվներ և հովվապետ, այնտեղ Եկեղեցին կենդանի է, այնտեղ Քրիստոսը ներկայ է, և այնտեղ փրկության ճանապարհը բաց է բոլորիս համար։

Թող Տերը մեզ արժանացնի ապրել այս միասնությամբ, ամրանալ հավատքի մեջ և քայլել դեպի Իր արքայությունը՝ միասին, որպես մեկ սուրբ ժողովուրդ։

Եթե համամիտ եք, ապա “Ամեն” գրե’ք»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում