Պետք է հայ գերիների հարցը բարձրացնել Երևանում սպասվող գագաթնաժողովում. Մորենո Օկամպո

Պետք է հայ գերիների հարցը բարձրացնել Երևանում սպասվող գագաթնաժողովում. Մորենո Օկամպո

Լեռնային Ղարաբաղի գերեվարված առաջնորդներին Բաքվի բանտերից ազատ արձակելու հարցը պետք է բարձրացնել մայիսին Երևանում կայանալիք եվրոպական գագաթնաժողովում։ Այս մասին հայտարարել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոն «Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր. ճանաչում, արդարություն, կանխարգելում՝ 1915-ից մինչև Արցախի էթնիկ զտումներ» տեսակոնֆերանսի ժամանակ։ Այս մասին գրում է Սպուտնիկ Արմենիան։

Հայտնի իրավաբանը համարում է, որ գերիների ազատ արձակումն ու Լեռնային Ղարաբաղի հայերի վերադարձն իրենց հարազատ տներ պետք է ներառվեն Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի քննարկումների օրակարգում։

Նա զուգահեռներ անցկացրեց 1915 թվականի իրադարձությունների և 2023-ին Արցախում տեղի ունեցած էթնիկ զտումների միջև. երկու դեպքում էլ տեղի է ունեցել առաջնորդների մեկուսացում և էթնիկ հայերի տեղահանություն։ Սակայն տարբերությունն այն է, որ այսօր հայերին հնարավոր է պաշտպանել։ Լրատվամիջոցների, տարբեր ակցիաների ու քննարկումների միջոցով պետք է լայն հնչեղություն տալ նշված թեմաներին, որպեսզի եվրոպացի առաջնորդները ստիպված լինեն ուշադրություն դարձնել դրանց։ Օկամպոն արցախահայերի իրավունքների պաշտպանության և գերիների վերադարձի գործուն մեխանիզմ է համարում միջազգային դատական կառույցները։
Հետևեք մեզ նաև Telegram-ում