Վրաստանի վարչապետը հավաստել է Ռուսաստանի հետ երկխոսությունը շարունակելու պատրաստակամությունը

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, ամփոփելով Բրյուսել կատարած այցի արդյունքները, նշել է Ռուսաստանի հետ երկխոսությունը շարունակելու կարեւորությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Մենք կարողացանք ուղղակի երկոսություն սկսել Ռուսաստանի հետ եւ պատրաստ ենք այն շարունակել: Բայց մենք սկզբունքային ենք լինելու տարածքային ամբողջականության հարցում եւ փոխզիջման չենք գնա, քանի որ խոսքը վերաբերում է մեր տարածքներին»,- ասել է Ղարիբաշվիլին լրագրողների հետ զրույցի ընթացքում, որի տեսագրությունը զետեղված է Facebook-ում վարչապետի պաշտոնական էջում:

Ընդսմին վարչապետը նշել է, որ «Վրաստանը երկու տարվա ընթացքում կարողացավ նվազագույնի հասցնել լարվածությունը Ռուսաստանի հետ հարաբերություններում»:

Նաեւ Ղարիբաշվիլին ուշադրություն է դարձրել այն բանի վրա, որ Վրաստանը զգալի առաջընթացի է հասել ՌԴ-ի հետ առեւտրական հարաբերություններում, բայց ոչ մի առաջընթաց չկա քաղաքական հարաբերություններում:

«Մենք իրական առաջշարժում չունենք Ռուսաստանի հետ քաղաքական հարաբերություններում, բայց պետք է սպասել իրադարձությունների զարգացմանը: Մենք ունենք Եվրամիության լիակատար աջակցությունը եւ մեզ անհրաժեշտ է ավելի շատ աշխատել, ունենալ առավել միասնություն եւ նվազ ներքին դիմակայություն»,- հայտարարել է Ղարիբաշվիլին:

Մինչ այդ հանրապետության վարչապետը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգի հետ Բրյուսելում անցկացված համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է, որ Վրաստանը կշարունակի եվրատլանտյան կառույցներին ինտեգրվելու քաղաքականությունը: «Եվրատլանտյան դաշինք Վրաստանի ձգտումը վրաց ժողովրդի ընտրությունն է: Մենք մեր կողմից ուժեր չենք խնայի այդ նպատակին հասնելու համար: Մենք հավատում ենք, որ դաշինքը հավատարիմ կմնա բաց դռների իր քաղաքականությանը եւ կոնկրետ քայլեր կանի ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամագրվելու գործընթացում»,- ասել է Ղարիբաշվիլին, հաղորդել է «Նովոստի Գրուզիա»-ն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում