Թմբուկի ձայնը՝ «խաղաղության» քրքիջը․ Հայր Ռուբեն

Թմբուկի ձայնը՝ «խաղաղության» քրքիջը․ Հայր Ռուբեն

Ռուբեն վարդապետ Զարգարյանը գրում է․ Ժամանակակից աշխարհը՝ առաջնորդների բարձրագույն մակարդակով, քաղաքականապես չհաս հասարակություններին առաջարկում է մի պարզ «բաղադրատոմս»․ վերահաս աղետալի վտանգների դեպքում, անտեսելով աղետի մոտալուտ շունչը, պարզապես աղմո՛ւկ բարձրացրու, երգի՛ր, պարի՛ր, թմբուկ նվագի՛ր։

«Սուրբ Գիրքն այս մոտեցումը բացահայտում է որպես նենգավոր մոլորեցում և անմիտ ինքնախաբեություն։
Եսայի մարգարեն տեսնում էր նույն պատկերը․ ժողովուրդը՝ կանգնած կործանման սպառնալիքի առաջ, ընտրում է ոչ թե ապաշխարությունը, այլ զվարճությունը․ «Ահա ուրախություն և ցնծություն… ուտենք ու խմենք, որովհետև վաղը մեռնելու ենք» (Եսայու մարգարեություն 22։13)։

Սա ոչ թե ուրախություն էր, այլ իրականությունից փախուստ։

Նույն պատկերը տեսնում ենք Երեմիա մարգարեի գրքում՝ մարգարեական խիստ դատապարտմամբ․ «Ասում են՝ խաղաղությո՜ւն, խաղաղությո՜ւն, բայց ո՞ւր է խաղաղությունը։ Խայտառակ եղան, որովհետև ձախողվեցին, բայց անամոթաբար չպատկառեցին և իրենց կրած անարգանքի մասին չմտածեցին։ Ահա թե ինչու իրենց կործանումն են գտնելու» (Երեմիայի մարգարեություն 6։14)։

Այսինքն՝ վտանգը կա, բայց մարդիկ թմրեցվում են խոսքերով, շոուներով, կեղծ վստահությամբ։
Քրիստոս ևս նույն կերպ զգուշացնում է՝ հիշեցնելով Նոյի օրերը․ «Մարդիկ ուտում էին ու խմում… և ժողովուրդը չիմացավ, մինչև որ ջրհեղեղն սկսվեց և բնաջնջեց բոլորին» (Մատթեոսի ավետարան 24։38-39)։

Կյանքը շարունակվում էր «հանգիստ», նույնիսկ ուրախ, բայց այդ «հանգստությունը» դարձավ կործանման նախերգանք։

Այն հասարակությունը, որ ինքնակամ հանձնվում է մոլորությանը՝ փաթեթավորված զվարճանքով, աղմուկով, անընդհատ «շեղումով», երբ վտանգների մասին զգուշացումը փոխարինվում է կատակով, հեգնանքով, մեղադրանքով, ապա դա արդեն հոգևոր հիվանդության նշան է։

Սուրբ Գիրքը չի արգելում ուրախությունը, բայց տարբերակում է ճշմարիտ ուրախությունը կեղծ ուրախությունից։ Վերջինս քողարկում է վախը, կուրացնում միտքը, անզգայացնում հոգին։ Կեղծ ուրախությունը հոգևոր թմրամոլության նշան է։
Ճշմարիտ խաղաղությունը չի գալիս «խաղաղություն» բառը զզվեցնելու աստիճան կրկնելուց, այլ՝ ճշմարտության հետ առերեսվելուց։ Սուրբ Գիրքը մեզ զգուշացնում է՝ արթուն եղի՛ր, զանազանի՛ր, մի՛ խաբվիր»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում