Էրդողանի հակառակորդները գլուխ են բարձրացնում

Թուրքիայի ներքին գործերի նախկին նախարար Իդրի Նայիմ Շահինը նոր կուսակցություն է հիմնելու: Կուսակցությունը ստանալու է «Արժեքների շարժում» անվանումը: Շահինն ու նրա կողմնակիցներն արդեն նոյեմբերի 19-ին դիմելու են Թուրքիայի ներքին գործերի նախարարություն` կուսակցությունը պաշտոնապես գրանցելու նպատակով:

Ներկա պահին Թուրքիայում գործում է 75 քաղաքական կուսակցություն: Թուրքիայի խորհրդարանում ներկայացված է նրանցից միայն չորսը՝ Արդարություն և զարգացում, Ժողովրդա-հանրապետական կուսկացություն, Ազգային գործողության կուսակցությունը և պրոքրդական Ժողովրդական կուսակցությունը:

Թուրքիայի ներկայիս նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ավելի վաղ մեկնաբանելով Նայիմ Շահինի հեռացումը, նշել է որ գործող կուսակցությունն ազատվել է ևս մեկ պրովակատորից:

Հիշեցնենք, որ օրեր առաջ Թուրքիայում «Դեմոկրատական զարգացման կուսակցություն» (ԴԶԿ) կոչված նոր քաղաքական կազմակերպություն է հիմնվել, որի ղեկավարը Իդրիս Բալն է:

Լրագրողների հետ զրույցում Իդրիս Բալը, ով համարվում է արդի իսլամի գաղափարախոս Ֆաթուլլահ Գյուլենի կողմնակից, ասել է, որ Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը հաստատել է կուսակցությունը պաշտոնապես գրանցելու վերաբերյալ իրենց դիմումը: Նրա խոսքով` նոր քաղաքական կուսակցություն ստեղծելու աշխատանքներն իրենք սկսել են 1,5-2 տարի առաջ:

Նորաստեղծ կուսակցության հիմնադիրը համոզմունք է հայտնել, որ իրենց կազմակերպությունը կարճ ժամանակում տեղ է զբաղեցնելու Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր կուսակցությունների շարքում:

Թուրքական մամուլն այդ առնչությամբ հայտնել է, որ ԴԶԿ-ն ծառայելու է Ֆաթուլլահ Գյուլենին:

Թուրքիայում անցյալ դեկտեմբերին բացահայտված կոռուպցիոն սկանդալից հետո այն ժամանակ երկրի վարչապետ, ներկայիս նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին հաջողվեց մեծ դժվարությամբ դուրս գալ ստեղծված իրավիճակից, քանի որ դատախազության կողմից կառավարության մի շարք անդամների հետ հետապնդվում էին նաեւ իր որդին, փեսան եւ դուստրը: Էրդողանն այն ժամանակ հայտարարել էր, որ «գյուլենականները», որոնք թափանցել են երկրի կառավարման շրջանակներ, այդ գործողությամբ ցանկանում են տապալել իր իշխանությունը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում