Կարևորը ոչ թե ընթացքն է, այլ արդյունքը. պաշտպանության նախկին նախարարը՝ երևանյան գագաթնաժողովի մասին. «Փաստ»

Կարևորը ոչ թե ընթացքն է, այլ արդյունքը. պաշտպանության նախկին նախարարը՝ երևանյան գագաթնաժողովի մասին. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. Օրեր առաջ Երևանում կայացավ Եվրոպական քաղաքական համայնքի ութերորդ գագաթնաժողովը: Իշխանությունները դա փորձում են ներկայացնել որպես իրենց մեծագույն հաջողություն, որ այդքան եվրոպաշտոնյա եկավ Հայաստան:

ՀՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանն ասում է, որ միջազգային հարաբերություններում, բանակցություններում, միջազգային միջոցառումներում առաջնայինն ընթացքը չէ, այլ արդյունքը: «Է, հա, եկել են: Հետո՞: Մենք պետք է ոչ թե գլուխ գովենք, որ Եվրոպայից այդքան ղեկավար է եկել Հայաստան, այլ առաջին հերթին պատասխանենք հետևյալ հարցին՝ իսկ ի՞նչ տվեց այդ գագաթնաժողովը Հայաստանին: Ոչ Հայաստանի գործող իշխանություններին, այլ հենց Հայաստանին ու հայ ժողովրդին: Ոչինչ: Ընդհակառակը, ընդունել են 44 էջանոց մի փաստաթուղթ, որտեղ Հայաստանին վերաբերող ընդամենը մի քանի կետ կա, այն էլ՝ շատ վտանգավոր: Օրինակ՝ ԱԷԿ-ի փակման հարցը, որն առնչվում է թե՛ էներգետիկային, թե՛ քաղաքականությանը»,-«Փաստի» հետ զրույցում ասաց գեներալ-մայորը:

Կարապետյանն անդրադառնում է նաև այդ գագաթնաժողովին Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու մասնակցությանն ու ելույթին: «Տեսեք, Զելենսկին եկավ ու Երևանից սպառնաց Մոսկվային: Ես չեմ հիշում, որ նա Կիևից սպառնար, դա անում են նրա պատգամավորները, կառավարության անդամները, այլոք՝ մի խոսքով: Դե, թող Կիևից սպառնար, ինչո՞ւ եկավ ու Երևանից սպառնաց: Արդյունքում մենք պարզապես սարսափելի զայրացրինք Մոսկվային: Ինչի՞ համար: Եվ ընդհանրապես, ի՞նչ գործ ուներ Զելենսկին Հայաստանում: Մինչև 2023 թվականը բոլոր հայկական կորուստների (թե՛ ռազմական, թե՛ քաղաքացիական) 30 տոկոսը եղել է Ուկրաինայի կառավարության պատճառով՝ դիպուկահարներ, օդաչուներ, դիվերսիոն խմբեր, նաև իրենց գեներալներն են եղել ադրբեջանական շտաբում: Ու հիմա այդ մարդը գալիս է Հայաստան ու այստեղից մատ թափ տալիս Մոսկվայի վրա՝ դարձյալ վնասելով մեր երկրին»,-ամփոփեց պաշտպանության նախկին նախարարը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հետևեք մեզ նաև Telegram-ում