Ռուանդայի ցեղասպանության կազմակերպման մեջ մեղադրվող Ֆելիսիեն Կաբուգան մահացել է Հաագայի բանտում
Կարդացեք նաև
1994 թվականի Ռուանդայի ցեղասպանության կազմակերպման մեջ մեղադրվող Ֆելիսիեն Կաբուգան մահացել է Հաագայի ՄԱԿ-ի կալանավայրում՝ 93 տարեկան հասակում։ Այդ մասին հայտնել է ՄԱԿ-ի Միջազգային մնացորդային մեխանիզմը, փոխանցում է Reuters-ը։
Կաբուգան ձերբակալվել էր Ֆրանսիայում 2020 թվականին՝ ավելի քան 20 տարվա որոնումներից հետո, ապա արտահանձնվել Նիդեռլանդներ։ Քննիչների տվյալներով՝ նա համարվում էր Ռուանդայի ցեղասպանության գլխավոր կազմակերպիչներից մեկը, որի ընթացքում շուրջ 100 օրում սպանվել էր ավելի քան 800 հազար թութսի և չափավոր հայացքներ ունեցող հութու։
Մեղադրանքի համաձայն՝ Կաբուգան ֆինանսավորել է հութուների զինված խմբավորումները և ատելության քարոզ իրականացրել «Հազար բլուրների ազատ ռադիո և հեռուստատեսություն» կայանի միջոցով։
2023 թվականին դատարանը Կաբուգային ճանաչել էր դատավարությանը մասնակցելու անունակ՝ դեմենցիայի պատճառով։ Բացի այդ, նա համարվել էր չափազանց ծանր հիվանդ՝ Ռուանդա վերադարձնելու համար։ Քանի որ որևէ երկիր չէր համաձայնել ընդունել նրան, Կաբուգան շարունակում էր մնալ Հաագայի ՄԱԿ-ի կալանավայրում։
Դատարանը հայտնել է, որ նշանակվել է Կաբուգայի մահվան հանգամանքների ստուգում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում