Հայատյացությունը Ադրբեջանում դարձել է նոր սկանդալի պատճառ

Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Ջեյհուն Օսմանլըն կպատժվի, որ համարձակվել է իրեն պատկանող թուրքական MADO ռեստորանում հնչեցնել ազգությամբ հայ աշխարհահռչակ երգչուհի Շերի (Շերիլին Սարգսյան) Believe երգը: 

Նշվում է, որ ադրբեջանցի պատգամավորից իշխանությունները պահանջում են փակել ռեստորանը և դադարեցնել բիզնեսը նաև նրա համար, որ համարվում է Թուրքիայի ղեկավարության կողմից թշնամի հայտարարված արդի իսլամի գաղափարախոս Ֆաթուլլահ Գյուլենի շարժման (նուրսիստների) հետևորդ: Նրան ցանկանում են պատժել: MADO-ի ստվերային սեփականատեր Ջեյհուն Օսմանլըն Ադրբեջանի «Իրելի» երիտասարդական շարժման նախկին ղեկավարն է, որը գլխավորում է «ադրբեջանցի նուրսիստների» ցուցակը:

Vzglyad.az-ն ավելի վաղ հայտնել էր, որ Բաքվի MADO ռեստորանում հայի կատարմամբ երգ հնչելու իրողությունը «ցնցել» է հայատյաց ադրբեջանցիներին, որոնք աղմուկ են բարձրացրել համացանցում: Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Ֆազաիլ Աղամանլըն իշխանություններից պահանջել է պատժել Բաքվում թուրքական Mado ռեստորանի սեփականատիրոջը: Գերազանցելով իր վայրենի համաքաղաքացիների բարձրացրած վայնասունը, Աղամանլըն հայտարարել է. «Նման դեպքերում շատ կարևոր է հասարակական կարծիքը: Այդ ռեստորանը պետք է տուգանվի: Մարդիկ պետք է բոյկոտեն այդ ռեստորանը և այնտեղ չմտնեն»:

Պատգամավորի խոսքով` «հայի կատարմամբ երգ հնչեցնելն ավելի վատ է, քան հայ լինելը»: Նա ասել է, որ այդ կերպ վնաս է հասցվում «Ադրբեջանի ազգային նկարագրին»:

«Ռեստորանի սեփականատերերը չպետք է մոռանան, որ գործում են Ադրբեջանում և նման պահվածքը կարող է լուրջ պատժամիջոցների բերել», -հայտարարել է Աղամանլըն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում