Ադրբեջանի լկտիությունն անսահման է. հրապարակել են հայկական ուղղաթիռը խոցած զինվորի խոսքերը

Պաշտոնական Բաքուն սկսել է բացահայտ կերպով խոսել այն մասին, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում ուսումնավարժական թռիչքներ իրականացնող հայկական ուղղաթիռի խոցումն ուղղորդված է եղել Ադրբեջանի կենտրոնական իշխանությունների կողմից: Իրենց «հերոսության» մասին տարբեր կերպ բարձրաձայնելուց հետո այս անգամ Բաքվի իշխանությունները որոշել են խոսեցնել և հրապարակել հայկական ուղղաթիռը խոցած ադրբեջանցի զինվորի հարցազրույցն ու լուսանկարը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին վկայում է ադրբեջանական Haqqin.az-ը:

Հայկական ուղղաթիռը խոցած ադրբեջանցի զինծառայող Իլքին Մուրադովը պատմել է, թե ինչպես է պատրաստ վիճակում հետևել սահմանին տեղի ունեցող գործողություններին: Նա նշել է, որ իրենք հրաման էին ստացել «վերացնել ուղղաթիռներն այն դեպքում, եթե դրանք մտնեին զորամասի պաշտպանական գոտի և հատեին օդային տարածքը»: Այնինչ, հենց ադրբեջանական կողմից տարածված տեսանյութը հստակ վկայում է` ուղղաթիռը որեւէ գրոհ չի իրականացրել եւ չի հատել Ադրբեջանի օդային տարածքը:

Մուրադովը հայտարարել է, թե իբր հայկական ուղղաթիռները զինված են եղել և կրակ են բացել ադրբեջանական դիրքերի վրա, մինչդեռ ԼՂՀ և ՀՀ պաշտպանական կառույցների ներկայացուցիչներն ուղղաթիռի խոցման առաջին իսկ րոպեներից հայտարարել են, որ պատրաստ են միջազգային փորձագետների հետազոտմանը տրամադրել ուղղաթիռի բեկորները: Դրանց ուսումնասիրությունը կփաստի, որ այն եղել է առանց որեւէ տեսակի զենք-զինամթերքի: Հարցազրույցի վերջում ադրբեջանցին հպարտորեն ներկայացրել է, թե ինչպես է սեղմել ձգանն ու խոցել հայկական անզեն ուղղաթիռը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում