ԱՄՆ-ն կվերականգնի Իրանի նկատմամբ ծովային շրջափակումը` հուշագրի պայմանների չկատարման դեպքում
Կարդացեք նաև
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը հայտարարել է, որ եթե Իրանը չհետևի փոխըմբռնման հուշագրի պայմաններին, ապա ԱՄՆ-ն «ավելի քան կարող է վերականգնել երկաթե շրջափակումը», որն ապրիլից գործում էր իրանական նավահանգիստների նկատմամբ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նրա խոսքերը մեջբերում է BBC-ն։
«Եթե Իրանը չանի այն, ինչ խոստացել է անել, այսինքն՝ հրաժարվի իր միջուկային զենքի նկրտումներից, ապա պատերազմի նախարարությունը այստեղ է և պատրաստ է վերսկսել, եթե անհրաժեշտ լինի», – հայտարարել է նա։
Հեգսեթը հավելել է, որ ԱՄՆ ցանկացած ռազմական գործողություն և բանակցություն կենտրոնացած կլինի Իրանի միջուկային զենքի վրա։
Փաստաթղթի համաձայն՝ Իրանը և ԱՄՆ-ն, ի թիվս այլ բաների, դադարեցնում են ռազմական գործողությունները բոլոր ճակատներում և բացում Հորմուզի նեղուցը։ Նաև 60 օրվա ընթացքում կողմերը պետք է համաձայնեցնեն վերջնական համաձայնագիրը, որը թույլ կտա լուծել առավել հրատապ հարցերը։ Դրանցից գլխավորը համարվում է Իրանի միջուկային ծրագրի ճակատագիրը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում