Ի՞նչ օրենք, ի՞նչ կարգավորումներ, ո՞ւմ են դրանք պետք. «Փաստ»

Ի՞նչ օրենք, ի՞նչ կարգավորումներ, ո՞ւմ են դրանք պետք. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. Առիթ ունեցել ենք (և ոչ մեկ անգամ) նկատելու, որ Փաշինյանի իշխանավարման ընթացքում ու հատկապես վերջին շրջանում տեղի է ունենում գրեթե բոլոր պետական կառույցների գործառնական (ֆունկցիոնալ) զրոյացում և վարկաբեկում: Ըստ էության, բոլոր պետական մարմինները Հայաստանում ծառայում են բացառապես 1 նպատակի՝ սպասարկել Նիկոլ Փաշինյանի շահերն ու քմահաճույքները, հետապնդել բոլորին, ովքեր կհամարձակվեն «թթու խոսք» ասել նրան:

Օրերս միանգամայն տրամաբանական հարց ծագեց այն առնչությամբ, թե ինչպես է ԱԱԾ սահմանապահ ուժերի ծառայողական բնույթի տեսագրությունը («Զվարթնոց» օդանավակայանի՝ իրենց տեսագրող սարքով արված) հայտնվել լրատվական դաշտում՝ իշխանական քարոզչամիջոցում:

Նիկոլ Փաշինյանը նախօրեին այդ առնչությամբ շշմեցուցիչ հայտարարություն արեց. «ԱԱԾ աշխատակիցը կարող է որոշել ցանկացած բան՝ արտահոսի, թե չարտահոսի, ի՞նչ պրոբլեմ կա էդտեղ։ Այսինքն, իր տիրապետած ինֆորմացիան է, կուզի՝ կարտահոսի, կուզի՝ չի արտահոսի: Էն իրավասու անձինք, ովքեր ունեն իրավասություն էդ որոշումները կայացնելու, կարող են կայացնել…»:

Հասկացա՞ք: Այսինքն «ԱԱԾ աշխատակիցը», պարզվում է, լրիվ ինքնավար, ինքնագլուխ կարող է որոշել, թե ծառայության բերումով իրեն հայտնի դարձած տեղեկատվությունը (ինֆորմացիա, լուսանկար, տեսանյութ) ինչ անի: Կուզենա՞, «Յութուբում» կզետեղի, կուզենա՞, «Ֆեյսբուքում» կհրապարակի:

ԱԱԾ աշխատանքի մասին, ահա, նման պատկերացում ունի կամ, ավելի ճիշտ՝ նման պատկերացումը նորմալացնելու, սովորական մի բան համարելու նպատակ ունի ՔՊ ղեկավարը:

Լո՞ւրջ…

Իսկ եթե ԱԱԾ աշխատակիցը որոշի, որ այսինչ կամ այնինչ տեղեկությունը պիտի տիրապետի ինչպես ցանկանա, ասենք՝ ինչ-որ մեկին վաճառի, դա նորմա՞լ է: Չէ՞ որ, ըստ Փաշինյանի, ԱԱԾ աշխատակիցն ինքնագլուխ որոշում է՝ ինչպես վարվի դրա հետ:

Դա, իհարկե, անհեթեթություն է: Առավել ևս՝ ԱԱԾ-ի պարագայում, որտեղ տասնամյակներով մշակվել ու հղկվել են տեղեկությունների հավաքման, համակարգման, վերլուծության ու պահպանման հստակ կանոնակարգեր: Չկա նման բան, որ ծառայության բերումով ԱԱԾ որևէ աշխատակցի հայտնի դարձած տեղեկությունը, առավել ևս՝ ծառայողական բնույթի տեսագրությունը ԱԱԾ որևէ կամայական աշխատակցի ցանկությամբ հայտնվի որևէ լրատվամիջոցում: Ընդհանրապես, որևէ այլ տեղ, քան թույլատրելի է օրենքով: Իսկ եթե նման դեպք տեղի է ունեցել, ապա նման «աշխատակցի» գործունեությունը առնվազն արդեն պիտի առկախված լիներ, իսկ նրա գործողությունն էլ ծառայողական քննության առարկա պիտի դառնար: Չի դառնա, որովհետև ԱԱԾ որևէ աշխատակից ինքնագլուխ, առանց հրահանգի նման բան պարզապես չի կարող անել…

Հա, ի դեպ, ժամանակին որևէ ապօրինության հետ կապված Նիկոլ Փաշինյանը գոնե «կրուտիտներ» էր անում: Հիմա՝ էլ վերջ, ուղիղ ասում է՝ ինչ արել են, լավ են արել, այդպես է պետք: Շատ հետաքրքիր է, չէ՞…

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հետևեք մեզ նաև Telegram-ում