2016 թվականին Ֆրանսիայում կայանալիք Եվրոպայի առաջնության թալիսմանը, որը դեռ անուն չունի, ներկայացվեց վերջերս:
Մինչ քվեարկության միջոցով կորոշվի, թե հետաքրքրասեր սուպերհերոսի համար Գոլիքս, Դրիբլու, Սուպեր-Վիկտոր անուններից որը կընտրեն, առաջարկում ենք ծանոթանալ մրցաշարի պատմության նախկին թալիսմաններին` ներառյալ Պինոկիոն, երկու նապաստակները, խորհրդավոր երկվորյակները:
Առաջին անգամ 1980 թվականին Եվրոպայի առաջնության ժամանակ թալիսման օգտագործվեց: Այդ ժամանակվանից մինչև հիմա ավանդույթը գործում է ու յուրահատուկ հետաքրքրություն առաջացնում մրցաշարի նկատմամբ:
Եվրո-1980, Իտալիա. Պինոկիո
Ամեն ինչ Իտալիայում սկսվեց: Բոլորս երեխաներ ենք եղել և հիշում ենք` սուտ խոսելու հետևանքով երկար քիթ է աճում 🙂 Հատկապես, եթե մարդը փայտից է ու անունն էլ` Պինոկիո: Այդ ժամանակ «Պինոկիոյի արկածները» երրորդն էր ամենաշատը թարգմանված գրքերի ցուցակում ու զիջում էր միայն Աստվածաշնչին ու Ղուրանին: Բարի Պինոկիոյից պարզապես սարսափելի թալիսման դուրս եկավ` անկյունային, անհարմար թղթե գլխարկով: Ձեռքին ֆուտբոլի գնդակ կար, իսկ քիթն իտալական դրոշի գույներով էր ներկված: Թույլ նյարդերով մարդկանց այս Պինոկիոյին տեսնել պետք չէր:
Եվրո-1984, Ֆրանսիա. Պենո
Պենո աքաղաղը իսկ և իսկ Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստի պես էր հագնված` թանաքագույն մարզաշապիկ, սպիտակ անդրավարտիք, կարմիր գետրիներ: Նրա անունը ֆրանսերենից թարգմանաբար տուգանային էր նշանակում: Իհարկե, մուգ պոչն ու շքեղ կատարը նրան հայտնի չդարձրին, սակայն հետնորդներին առաջ գնալու ուղղություն ցույց տվեցին:
Եվրո-1988, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն. Բերնի
Քչերը կարող էին պատկերացնել, որ գերմանացիները Եվրոպայի առաջնության թալիսման նապաստակին կընտրեն ու նրան Բերնի կկոչեն: Խենթությունը, սակայն, իր բացատրությունն ուներ: Կերպարին գերմանական ֆուտբոլի միությունը բնութագրեց այսպես` «Հաճելի ու ազարտային ֆուտբոլի երկրպագու»: Նապաստակն իր անունով պարտական է շվեյցարական Բերն քաղաքին, որտեղ այդ ժամանակ գտնվում էր ՈւԵՖԱ-ի շտաբը և որտեղ 1954 թվականին ԳՖՀ-ն աշխարհի չեմպիոն էր դարձել: Ցավոք, Եվրո 2006-ին Բերնիին հետ բերելու միտքը ձախողվեց:
Եվրո-1992, Շվեդիա. Նապաստակ
Շվեդներից սպասում էին, որ Եվրոպայի առաջնությունների 4-րդ թալիսմանը կցնցի օրիգինալությամբ: Կազմակերպիչները կարող էին որևէ յուրահատուկ բան մտածել ու հետո, անսպասելիորեն դուրս հանել նապաստակին գլխարկի միջից, բայց… Նապաստակը թալիսման դարձավ: Անունն էլ` Նապաստակ: Այն նման էր նախորդ առաջնության նապաստակին, սակայն գերմանական ընտրանու մարզահագուստի փոխարեն թալիսմանը այդ երկրի դեղին մարզահագուստով էր:
Եվրո-1996, Անգլիա. Գոլիաֆ առյուծ
Ընկերասեր առյուծը, որ վախի որևէ զգացում չէր առաջացնում, վերջ դրեց նապաստակների հիվանդությանը: Նախկինում, Անգլիայում տեղի ունեցած աշխարհի առաջնության թալիսմանը ևս առյուծ էր, որը Մեծ Բրիտանիայի դրոշի գույներով մարզահագուստով էր: Գոլիաֆին հեշտ չէր մրցակցել նրա հետ, բայց իր առաջադրանքը նա ամեն դեպքում կատարեց: Անգլիացիները մարզաշապիկի վրա երեք առյուծ չպատկերեցին: Թալիսմանը սպիտակ մարզաշապիկ էր հագել ու երկնագույն վարտիք: Այռուծը դարձավ բարեհոգի այն հսկան, որն այդքան պակասում էր Շվեդիային:
Եվրո-2000, Հոլանդիա և Բելգիա. Բենելակի
Պատմության մեջ առաջին անգամ երկու երկիր ընդունեցին Եվրոպայի առաջնությունը, իսկ թալիսմանն ընտրվեց 5.000 տարբերակի առկայության պայմաններում: Բենելակի անունը մի կողմից հասկացվում է որպես Բելգիայի միություն, Հոլանդիա և Լյուքսեմբուրգ: Մյուս կողմից` կազմված է լատիներեն bene (լավը) և անգլիական lucky (հաջողակ) բառերից ու դրանով դրական երանգ էր հաղորդում առաջնությանը: Այս կերպարն ասոցացնում էին նաև առյուծի այն հետ, որը Հոլանդիայի հավաքականի խորհրդանիշն է համարվում:
Եվրո-2004, Պորտուգալիա. Կինաշ
Թալիսմանի առաջնային պարտականությունը առաջնությունն ընդունող երկրին հաջողություն բերելն է: Պորտուգալացիները շատ մոտ էին դրան, բայց առաջնության որոշիչ խաղում պարտվեցին Հունաստանին: Սակայն Կինաշը` առաջնության թալիսմանը, որի անունն ընտրվել էր ի պատիվ Պորտուգալիայի գերբի, հիանալի կատարեց իր առաքելությունը: Երևի հենց նա էլ պակասում էր թիմին, չէ՞ որ ֆուտբոլիստի հիանալի որակներ ուներ:
Եվրո-2008, Ավստրիա և Շվեյցարիա. Տրիկս և Ֆլիկս
Երկու անգամ ավելի շատ թալիսման, երկու անգամ ավելի շատ ուրախություն: Տրիկս և Ֆլիկս առեղծվածային երկվորյակները հավասարապես ուրախացրին հանդիսականներին: Նրանցից յուրաքանչյուրն առաջնությունն ընդունող երկրներից մեկն էր ներկայացնում: Եղբայրների համար անգամ հատուկ երգ էր գրվել: Shaggy-ի կատարմամբ «Feel the Rush» երգը ֆուտբոլասերներին ստիպեց պարել տրիբունաներում: Ի տարբերություն մյուս բոլոր թալիսմաններին` Եվրո 2008-ի դեպքում ֆուտբոլի գնդակը պետք չեղավ:
Եվրո-2012, Լեհաստան և Ուկրաինա, Սլավեկ և Սլավկո
Թալիսմանների համար շատ կարևոր է հավանության արժանանալ պատկան մարմինների կողմից: Այս դեպքում Լեհաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Գժեգոժ Լյատոն ասաց. «Ամենից շատ ինձ նրանց սանրվածքն է դուր գալիս: 40 տարի առաջ իմն էլ էր այդպիսին»:
Տղաները դուր եկան նաև Ուկրաինայի հավաքականի հարձակվող Անդրեյ Շեվչենկոյին. «Կերպարները շատ լավ են ֆուտբոլ խաղում, իսկ դա լավ նշան է առաջնության համար»-ասել էր նա: