Հանրապետական կուսակցության ներսում Իսրայելի նկատմամբ աջակցությունը նվազում է. Axios
Կարդացեք նաև
ԱՄՆ-ի Հանրապետական կուսակցության ներսում Իսրայելի նկատմամբ վերաբերմունքը աստիճանաբար փոխվում է։ Axios-ի փոխանցմամբ՝ Գազայի հատվածում շարունակվող պատերազմը, ինչպես նաև Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջև տարաձայնությունները խորացրել են սկեպտիցիզմը, հատկապես երիտասարդ հանրապետականների և «Ամերիկան՝ առաջին հերթին» (America First) շարժման կողմնակիցների շրջանում։
Պարբերականը նշում է, որ վերջին 15 տարիների ընթացքում Նեթանյահուն կարողացել էր փոխհատուցել դեմոկրատների շրջանում աջակցության նվազումը՝ ամրապնդելով կապերը հանրապետականների հետ։ Սակայն այժմ դժգոհության ալիքը նկատվում է նաև հենց Հանրապետական կուսակցության ներսում։
Իսրայելի հասցեին քննադատություն են հնչեցնում ոչ միայն պահպանողական մեկնաբաններ, այդ թվում՝ Թաքեր Կարլսոնը և Մարջորի Թեյլոր Գրինը, այլև ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, որը հրապարակայնորեն մեղադրել է Իսրայելի ղեկավարությանը Թրամփի վարչակազմի հասցեին հնչեցրած քննադատությունների համար։
Հասարակական կարծիքի հարցումները նույնպես վկայում են տրամադրությունների փոփոխության մասին։ Pew Research Center-ի տվյալներով՝ հանրապետականների 40%-ը բացասաբար է վերաբերվում Իսրայելին, իսկ մինչև 50 տարեկան հանրապետականների շրջանում այդ ցուցանիշը հասնում է 57%-ի։
Միևնույն ժամանակ, Հանրապետական կուսակցության ղեկավարության մեծ մասը և ավետարանական ընտրողները շարունակում են աջակցել Իսրայելին։ Axios-ը նախազգուշացնում է, որ այս միտման շարունակությունը կարող է թուլացնել Իսրայելի կարևորագույն քաղաքական հենարաններից մեկը ԱՄՆ-ում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում