Թրամփը հայտարարել է Դալասում Հանրապետական կուսակցության պատմական համագումարի անցկացման մասին
Կարդացեք նաև
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Հանրապետական կուսակցությունն առաջին անգամ իր պատմության ընթացքում կանցկացնի միջանկյալ համագումար, որը տեղի կունենա սեպտեմբերի 9-10-ը՝ Տեխաս նահանգի Դալաս քաղաքում։
Truth Social սոցիալական հարթակում հրապարակված գրառման մեջ Թրամփը նշել է, որ միջոցառումը նվիրված կլինի, իր բնորոշմամբ, «Ամերիկայի մեծ վերադարձին» և «America First» («Ամերիկան՝ առաջին հերթին») քաղաքականության շրջանակում գրանցված ձեռքբերումներին։ Նա ընդգծել է հարկային փոփոխությունները, սահմանային անվտանգության ուժեղացումը, նոր աշխատատեղերի ստեղծումը, էներգետիկ ոլորտում ԱՄՆ-ի առաջատար դիրքերն ու այլ նախաձեռնություններ։
Թրամփը նաև հայտարարել է, որ նավթի գները շարունակում են նվազել՝ հավելելով, որ ԱՄՆ-ն միաժամանակ իրականացնում է Իրանի «ապամիջուկայնացումը»։ Նրա խոսքով՝ վարչակազմը կատարում է այն խոստումները, որոնք, ըստ նրա, տարիներ շարունակ տրվել էին, սակայն չէին իրականացվել։
ԱՄՆ նախագահը նշել է, որ համագումարին կմասնակցեն աշխատավոր ամերիկացիներ, ձեռնարկատերեր, արտադրողներ, նորարարներ, արտակարգ ծառայությունների աշխատակիցներ և գործատուներ։ Նրա խոսքով՝ միջոցառումը կուղեկցվի նաև լայնածավալ ժամանցային ծրագրով և կլինի աննախադեպ հանրահավաք՝ նվիրված նաև ԱՄՆ-ի առաջիկա 250-ամյակին։
Հետևեք մեզ նաև Telegram-ում