Իրանը չի վախենում ո՛չ պատերազմից, ո՛չ բանակցություններից․ Մոհամմադ Ղալիբաֆ
Կարդացեք նաև
Իրանի խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը հայտարարել է, որ Թեհրանը պետք է մշտապես պատրաստ լինի պաշտպանելու իր ազգային շահերը՝ միաժամանակ կիրառելով ինչպես ռազմական, այնպես էլ դիվանագիտական գործիքներ։
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն ցանկացած հարմար առիթ օգտագործում է Իրանի վրա ճնշում գործադրելու և սեփական շահերն առաջ մղելու համար, և այդ քաղաքականությունը չի սահմանափակվում պատերազմով, բանակցություններով կամ ԱՄՆ այս կամ այն նախագահի գործունեությամբ։
«Մենք պետք է միշտ պատրաստ լինենք պայքարի, սակայն միաժամանակ օգտագործենք նաև դիվանագիտության և բանակցությունների հնարավորությունները՝ ազգային շահերն ապահովելու և ամրապնդելու համար»,– ասել է Ղալիբաֆը։
Նա ընդգծել է, որ այսօր Իրանի ազգային անվտանգության կարևոր բաղադրիչներից է Հորմուզի նեղուցում երկրի վերահսկողության ապահովումը և առևտրային նավերի անվտանգ ու անխոչընդոտ երթևեկության կազմակերպումը։
Ղալիբաֆի խոսքով՝ ԱՄՆ-ն, չկարողանալով հասնել իր նպատակներին իրավական և դիվանագիտական ճանապարհներով, փորձում է ուժի կիրառմամբ թուլացնել Իրանի դիրքերը Հորմուզի նեղուցում, սակայն Թեհրանը շարունակելու է պաշտպանել իր ժողովրդի իրավունքներն ու ազգային շահերը։
Իրանի խորհրդարանի նախագահը նշել է, որ պատերազմն ու բանակցությունները պետք է դիտարկվեն որպես ազգային շահերի պաշտպանության փոխլրացնող գործիքներ։
«Բանակցություններն այս պահին կապիտուլյացիա չեն, այլ դիմադրության ռազմավարության և ազգային շահերի պաշտպանության մի մաս՝ պատերազմի հետ մեկտեղ։ Միայն մեկ մեթոդի վրա հենվելը ռազմավարական սխալ կլինի»,– հայտարարել է նա։
Ղալիբաֆն ընդգծել է, որ պատերազմի կամ բանակցությունների միջև ընտրությունը պետք է կատարվի՝ ելնելով երկրի անվտանգության և ազգային շահերից, իսկ վերջնական որոշումը կայացնում է Իրանի գերագույն առաջնորդը՝ որպես զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար։
Ելույթի ավարտին նա կոչ է արել Իրանի քաղաքացիներին՝ անկախ քաղաքական հայացքներից, պահպանել ազգային միասնությունը, աջակցել երկրի պաշտպանական և դիվանագիտական կառույցներին և վստահություն հայտնել զինված ուժերին։
«Իմ ամբողջ կյանքը նվիրել եմ թշնամու դեմ պայքարին։ Չեմ վախենում ո՛չ պատերազմից, ո՛չ սպառնալիքներից, ո՛չ էլ ապատեղեկատվությունից։ Համոզված եմ, որ Իրանի հաղթանակը մոտ է, և ժողովրդի պատմական դիմադրությունը կմնա դարերի հիշողության մեջ»,– եզրափակել է Ղալիբաֆը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում