«Հակապետական» Տատիկ-Պապիկը. Աննա Իսրայելյանն անդրադարձել է երաժշտական դպրոցում արցախցի երեխայի նկարի շուրջ բարձրացած սկանդալին․ Natnews.am

«Հակապետական» Տատիկ-Պապիկը. Աննա Իսրայելյանն անդրադարձել է երաժշտական դպրոցում արցախցի երեխայի նկարի շուրջ բարձրացած սկանդալին․ Natnews.am

Երևանի Անուշավան Տեր-Ղևոնդյանի անվան երաժշտական դպրոցում տեղի ունեցած միջադեպը, որի մանրամասները սեփական էջում հրապարակած ֆեյսբուքյան գրառմամբ վեր է հանել լրագրող Աննա Իսրայելյանը, բացահայտում է պետական ու կրթական համակարգում տիրող բարոյական ու քաղաքական ճգնաժամի խորությունը։ «Արցախյան մշակույթի պահպանման կենտրոն» ՀԿ-ն ահազանգել էր, որ ցուցահանդես-մրցույթի ընթացքում դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը տաղավարից հեռացրել է 10-ամյա աշակերտուհու նկարած աշխատանքը։ Պատճառն այն է, որ երեխան պատկերել էր Ստեփանակերտի խորհրդանիշը՝ «Մենք ենք, մեր սարերը» («Տատիկ-պապիկ») հուշարձանը, ինչը տնօրինությունը որակել է որպես «հակապետական քայլ»։

Աննա Իսրայելյանի այս փաստագրումը լավագույնս արտացոլում է այն մթնոլորտը, որն այսօր գործող վարչախումբը հետևողականորեն ներարկում է պետական կառույցներ։ Խնդիրն այն է, որ Արցախի հիշատակումն ու կորսված հայրենիքի պատկերումն արդեն պաշտոնական մակարդակով դիտարկվում են որպես վտանգ «իրական Հայաստանի» կառուցման ճանապարհին։ Սա Նիկոլ Փաշինյանի որդեգրած այն քաղաքականության ուղիղ հետևանքն է, որով փորձ է արվում հանրային հիշողությունից արմատախիլ անել Արցախի ու «պատմական Հայաստանի» ցանկացած կոդ և սիմվոլ՝ հանուն աշխարհաքաղաքական հարմարվողականության։

Ինչպես նշվում է լրագրողի ֆեյսբուքյան հրապարակման մեջ, միջադեպի արդյունքում երեխայի անգլերենի ուսուցչուհին, ով աջակցել էր աշակերտուհուն, պարզաբանել է, որ ոչ թե հեռացվել է, այլ սեփական դիմումի համաձայն է դուրս եկել աշխատանքից։ Նա շեշտել է, որ չի կարող աշխատել մի վայրում, որտեղ երեխայի հայրենասիրությունը որակվում է հակապետական, և որտեղ հնարավոր չէ բացատրել երեխային, թե ինչու չպիտի նկարի այն, ինչ իր գլխում ու սրտում է։ Իսկ 10-ամյա աղջնակի մայրը՝ Անուշ Դանիելյանը, պատմել է, որ ստիպված են եղել երեխային երկար բացատրել, որ ինքը ոչ մի սխալ բան չի արել, և որ իր ուսուցիչը թույլ չի տվել, որ այդ նկարը վերջնականապես կորչի։ Սա պետական մակարդակով իրականացվող բարոյական տեռոր է սեփական ժողովրդի և հատկապես արցախցի խոցելի երեխաների նկատմամբ, որոնցից փորձ է արվում խլել անգամ հուշերն ու կտավի վրայի պատմությունը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում