Իրանի ԱԳՆ-ն ԱՄՆ-ի հարվածները համեմատել է ահաբեկչական խմբավորումների գործողությունների հետ
Կարդացեք նաև
Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային հայտարարել է, որ քաղաքացիական ենթակառուցվածքների ոչնչացումն ու դրա հրապարակային ցուցադրումը հիշեցնում են ահաբեկչական խմբավորումների վարքագիծը։
ISNA-ի փոխանցմամբ՝ Բաղային այս մասին գրել է X սոցիալական ցանցում՝ արձագանքելով ԱՄՆ պաշտպանության նախարարի հրապարակմանը, որտեղ ցուցադրվել է Չաբահարի ծովային վերահսկման աշտարակի ոչնչացումը։
Իրանի ԱԳՆ խոսնակի խոսքով՝ Չաբահարի ծովային վերահսկման աշտարակը, որը ծառայում էր ծովային երթևեկության վերահսկմանն ու անվտանգության ապահովմանը, վերջին օրերին երրորդ անգամ է ենթարկվել ամերիկյան հարձակման։
Բաղային նաև պնդել է, որ ԱՄՆ-ը հարվածներ է հասցրել Մինաբի դպրոցին, Լամերդի մարզադաշտին, ինչպես նաև Ջասկի շրջանի Բոնջի գյուղի նավամատույցի էլեկտրամատակարարման և ջրի աղազերծման կայաններին։
Նրա խոսքով՝ քաղաքացիական կամուրջների, աշտարակների և այլ ենթակառուցվածքների ոչնչացման հրապարակային ցուցադրումը վնասում է ոչ միայն Իրանի ենթակառուցվածքներին, այլև ԱՄՆ-ի քաղաքական ու բարոյական հեղինակությանը։
Իրանի ԱԳՆ խոսնակը նաև հարց է բարձրացրել, թե ինչով են Չաբահարում, Մինաբում և Ջասկում իրականացված գործողությունները տարբերվում այն ահաբեկչական մեթոդներից, որոնց դեմ պայքարի պատրվակով ԱՄՆ-ը նախկինում պատերազմներ և ռազմական ներխուժումներ է իրականացրել։
Հետևեք մեզ նաև Telegram-ում