Ազատ տեղաշարժի իրավունքի համաշխարհային վարկանիշում՝ Հայաստանը, Կաբո Վերդեի, Մոնղոլիայի և Զամբիայի հետ, զբաղեցնում է 73-րդ հորիզոնականը․ Արտակ Զաքարյան
Կարդացեք նաև
ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը գրում է․ «Հայաստանի Հանրապետության անձնագիրն ազատ տեղաշարժի (առանց մուտքի արտոնագրի) իրավունքի համաշխարհային վարկանիշում, Կաբո Վերդեի, Մոնղոլիայի և Զամբիայի հետ միասին զբաղեցնում է 73-րդ հորիզոնականը: Մեր երկիրը դիվանագիտական հարաբերություններ ունի աշխարհի 187 երկրների հետ, որից 64-ը կարող ենք այցելել առանց վիզայի:
Այդ մասին են վկայում Henley & Partners ընկերության հուլիսի 21-ին թարմացված տվյալները։ Ընկերությունը կազմում է իր Global Passport Ranking-ը՝ հիմնվելով այն երկրների թվի վրա, որոնց քաղաքացիները կարող են մուտք գործել առանց վիզայի՝ տվյալ անձնագրով։
«Ամենաուժեղ» և ինչպես հայերս ենք սիրում ասել, «պատ ծակող» թիվ մեկ անձնագիրը Սինգապուրի անձնագիրն է, որի քաղաքացիները կարող են ազատ տեղաշարժվել աշխարհի 192 երկրներում: Այսիքն՝ ամենուր, առանց բացառության:
Երկրորդ ուժեղ անձնագրերը Ճապոնիայի, Արաբական Միացյալ Էմիրությունների և Հարավային Կորեայի անձնագրերն են, որոնց կրողները կարող են ազատ այցելել 188 երկիր: Երրորդ տեղում շվեդական անձնագիրն է՝ 187 երկիր:
Ուժեղ անձնագրերի չորրորդ հորիզոնականում են Գերմանիայի, Իտալիայի, Ֆրանսիայի, Իսպանիայի, Իռլանդիայի, Բելգիայի, Ֆինլանդիայի, Դանիայի, Լյուքսեմբուրգի, Նիդեռլանդների ու Նորվեգիայի անձնագրերը, որոնց քաղաքացիներն 186 երկիր ազատ այցելելու իրավունք ունեն:
ԱՄՆ սիթիզենությամբ հպարտացող մեր հայրենակիցների ամերիկյան անձնագրերը զբաղեցնում են վարկանիշի 10-րդ հորիզոնականը՝ 180 երկիր առանց մուտքի արտոնագրի այցելելու իրավունքով:
ՌԴ անձնագիրն այս վարկանիշում զբաղեցնում է 47-րդ հորիզոնականը, որը կրող քաղաքացիները կարողանում են ազատ այցելել 114 երկիր:
Նախկին Խորհրդային երկրներից (ԵՄ անդամ մերձբալթյան երկրներն առաջին տասնյակում են) առաջին դիրքերում են Ուկրաինայի անձնագիրը՝ 31-րդ տեղում է, 142 երկիր ազատ այցելությամբ): Վրաստանի անձնագիրը՝ 44-րդ հորիզոնականում է, 121 երկիր առանց վիզայի այցելելու իրավունքով: 45-րդում Մոլդովայի անձնագիրն է՝ 120 երկիր այցելելու իրավունքով: Բելոռուսի անձնագիրն առանց վիզայի այցելելու իրավունք է տալիս 78 երկրներ՝ զբաղեցնելով վարկանիշի 62-րդ հորիզոնականը: Ադրբեջանի անձնագիրը 70-րդ տեղում է՝ 67 երկիր այցելելու իրավունքով:
Աշխարհի ամենաթույլ անձնագրերը համարվում են Սիրիայի, Իրաքի, Եմենի, Պակիստանի և Աֆղանստանի անձնագրերը»։
Հետևեք մեզ նաև Telegram-ում