Ադրբեջանի Միլի Մեջլիսը դեմ է արտահայտվել հայ գերիների ազատ արձակման վերաբերյալ ԱՄՆ օրենսդրական նախաձեռնությանը
Կարդացեք նաև
Ադրբեջանի Միլի Մեջլիսը քննադատել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում հուլիսի 22-ին քննարկված H.R. 9087 օրինագծի շրջանակում Ադրբեջանի վերաբերյալ առաջարկված փոփոխությունները։ Այս մասին գրված է Մեջլիսի տարածած հայտարարության մեջ:
Խորհրդարանի հայտարարության մեջ դրանք ներկայացվում են որպես Ադրբեջանի նկատմամբ քաղաքական ճնշում գործադրելու փորձ և կապվում հայկական լոբբիստական շրջանակների գործունեության հետ։ Միլի Մեջլիսը նաև պնդում է, որ նախաձեռնությունը կարող է բացասաբար ազդել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի վրա։
Բաքուն հատկապես մերժել է Ադրբեջանում դատապարտված հայերի նկատմամբ «ռազմագերի» և «քաղբանտարկյալ» ձևակերպումների կիրառումը։ Հայտարարության համաձայն՝ այդ անձինք քրեական պատասխանատվության են ենթարկվել Ադրբեջանի օրենսդրությամբ և միջազգային իրավունքով նախատեսված հանցագործությունների համար։
Միլի Մեջլիսը ԱՄՆ կոնգրեսականներին կոչ է արել հարգել Ադրբեջանի ինքնիշխանությունը և չընդունել որոշումներ, որոնք, իր գնահատմամբ, կարող են խոչընդոտել Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում