Անդրեա Պիրլո. Ինձ Պիրլինյո անվանեք (2-րդ մաս)

Ներկայացնում ենք Իտալիայի հավաքականի և Թուրինի «Յուվենտուսի» կիսապաշտպան Անդրեա Պիրլոյի «Մտածում եմ, հետևաբար խաղում եմ» ինքնակենսագրականի 16-րդ` «Ինձ Պիրլինյո անվանեք» գլխի շարունակությունը: Առաջին մասը կարող եք ընթերցել այս հղմամբ:

Համաձայն չեմ «Կարևորը թիմային հաջողությունն է, ես թքած ունեմ անհատական ձեռքբերումների վրա» արտահայտության հետ: Սա ձգտումներ չունեցող մարդկանց արդարացումն է, ովքեր վարպետություն և կամք չունեն: Թիմի հաջողությունները շատ կարևոր են, սակայն, եթե մոռանամ իմ մասին` վատ ծառայություն կմատուցեմ խաղընկերներիս: Թիմը կազմված է անհատականություններից այնպես, ինչպես հաղթանակը` բազմաթիվ ցանկություններից: Եթե բախտդ բերի` դու ևս պատմություն կկերտես:

Տուգանայինն իմ կիրքն է, բայց ես երբեք բոնուսներ չեմ պահանջել` դրանց իրացման թվից ելնելով: Հեշտ փողե՞ր. դա իմ ճանապարհը չէ: Ի տարբերություն շատ հարձակվողների` եթե անգամ պայմանագրումս գումարի չափ նշվեր` դա ինձ չէր գրավի: Որոշակի գոլերի քանակ ապահովելու համար նրանք բոնուսներ են ստանում, ինչն էլ ագահ է դարձնում նրանց: Նրանք բնությունից են եսասիրություն ստացել, բայց փողը ևս նպաստում է դրան: Այլ կերպ լինել չէր կարող: Ես հիանալի հարաբերություններ ունեմ հարձակվողների հետ, եթե անգամ նրանք մի փոքր էլ կամակոր են: Ընդհանուր առմամբ, նրանք ինձ դուր են գալիս:

Երբեք նախախաղյա մարզումները չեմ սիրել: Մարմնիս յուրաքանչյուր բջիջով ատում եմ դրանք: Դրանք ինձ մոտ զզվանք են առաջացնում: Չեմ կասկածում, որ այն թույլ է տալիս խուսափել վնասվածքներից, բայց միևնույն է` աշխատանքի վատագույն պահն է. 15 րոպե հետույքի պատռում… Ժամի մեկ քառորդ մասը անիմաստ վատնվում է: Վարժություններն անելիս ես որևէ այլ բանի մասին եմ մտածում: Վերջում գրեթե միշտ քայլում եմ` դա իմ բողոքն է անտանելի ծիսակարգի դեմ: Էլ ավելի վատ է, երբ արտագնա հանդիպման ես ու ստիպված ես լսել մրցակից թիմի երկրպագուների վիրավորանքները:

Ինձ հետաքրքիր չէ մկանները տաքացնելու համար ձգվել: Կարևոր մկանը սրտամկանն է, այն ինձ մոտ միշտ պատրաստ է 100%: Ես դա բացատրել եմ ինձ հետ աշխատած յուրաքանչյուր մարզչի, սակայն որևէ մեկը ուշադրություն չի դարձրել: Նրանք նայում էին ինձ այնպես, ասես մարսեցի եմ, հատկապես, երբ առաջարկում էի այդ արարողակարգից հրաժարվել մարզումներից առաջ:

Իմ կամքով լիներ` միանգամից կխաղայի և՛ շաբաթվա կեսին, և՛ հանգստյան օրերին` Իտալիայի գավաթի կամ Չեմպիոնների լիգայի հանդիպումներում, որտեղ պատահի: Նույնիսկ Մունդիալի ժամանակ, որում հաղթեցի, ամեն խաղից առաջ 900 րոպե քայլել եմ: Այնքան չեմ սիրում նախախաղյա մարզումները, որ տարբերակ եմ մտածել դեպրեսիայի մեջ չընկնելու համար` ինքս ինձ հիշեցնում եմ, որ պետք է հանգստություն պահպանեմ, ու տանջանքը շուտով կավարտվի: Հնարավոր է` ես ֆոբիա ունեմ: Կարծում եմ, որ անարդար է գեղեցկությունը ստվերել: Եթե ձեր կողքին պառկած լիներ Բար Ռաֆաելին, դուք չէիք ասի. «Այստեղ սպասիր, ես 15 րոպեից կվերադառնամ»: Ամբողջ 15 րոպեի ընթացքում դուք նրա մասին կմտածեիք: Դուք աշխարհում ամեն բան կհետաձգեիք նրան գրկելու և գործի անցնելու համար:

Նույնը կատարվում է, երբ մտածում ես «Ռեալի», «Բարսելոնայի» կամ այլ թոփ-ակումբի դեմ խաղերի մասին: Ցանկանում ես արագ խաղին անցնել ու դրանից խելագարվում ես: Ես բարկանում ու չարանում եմ, երբ գիտակցում եմ` անիմաստ ժամանակ եմ կորցնում:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում