Արայիկ Հարությունյանն աչք է դրել Արուսյակ Մանավազյանի աթոռին. «Հրապարակ»
Կարդացեք նաև
«Հրապարակ» օրաթերթը գրում է. Վարչապետի աշխատակազմի նախկին ղեկավար, ներկայում ՔՊ շարքային պատգամավոր Արայիկ Հարությունյանը, ըստ թիմում շրջանառվող լուրերի, չի համակերպվում շարքային պատգամավորի կարգավիճակի հետ: Նա փորձել է գոնե ԱԺ ՔՊ խմբակցութան ղեկավար դառնալ, բայց չի ստացվել, եւ հիմա փորձում է այդ դիրքը նվաճել «դե ֆակտո»՝ դիրքավորվելով խմբակցության ղեկավարի պաշտոնում։
Մեր աղբյուրները բավականին հակասական տեղեկություններ հաղորդեցին: Մի աղբյուրի վկայությամբ` Նիկոլ Փաշինյանն, անգամ, նրան մեսիջ է փոխանցել, որ լավ կլինի՝ մանդատն էլ չվերցնի, սակայն Հարությունյանը որոշել է շրջանցել զգուշացումը։ ԱԺ նախագահի պաշտոնում Ռուբեն Ռուբինյանի թեկնածության քննարկման ժամանակ խորհրդարանում ոչ թե ՔՊ խմբակցության ղեկավար Արուսյակ Մանավազյանը ելույթ ունեցավ, այլ Արայիկ Հարությունյանը` ներկայացնելով խմբակցության դիրքորոշումը Ռուբինյանի մասով: Այս դրվագը բուռն քննարկումների, անգամ վրդովմունքի առիթ է դարձել ՔՊ ֆրակցիայում: Հարությունյանը որոշներին իբր պարզաբանել է, թե ցանկացել է որպես պատգամավոր ելույթ ունենալ, բայց գրանցվել չի հասցրել, այդ պատճառով էլ խնդրել է, որ ամփոփիչ ելույթն ինքն ունենա` խմբակցության անունից, եւ Մանավազյանն էլ դեմ չի եղել։
ՔՊ-ից մեզ ասացին, որ կառավարությունից անգամ հարկ չեն համարել, որ Ա. Հարությունյանը ներկա գտնվի աշխատակազմի ղեկավարի պաշտոնի ընդունման-հանձնման հանդիսավոր արարողությանը, սակայն նա սեփական նախաձեռնությամբ շտապել է կառավարություն, որ Մակունցին փոխանցի էստաֆետը, այնտեղ ելույթ ունենա եւ լսի վարչապետի շնորհակալությունը` ուղղված իրեն։
Մանրամասները՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում