ՔՊ-ն՝ ԱԺ ճաշարանում, «Ուժեղ Հայաստանը»՝ մեկ սենյակում․ ինչ է կատարվում ԱԺ-ի ընդմիջումների ժամանակ․ «Ժողովուրդ»

ՔՊ-ն՝ ԱԺ ճաշարանում, «Ուժեղ Հայաստանը»՝ մեկ սենյակում․ ինչ է կատարվում ԱԺ-ի ընդմիջումների ժամանակ․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը նկատել է, որ նոր խորհրդարանի աշխատանքային առօրյայում հետաքրքիր պատկեր է ձևավորվել ոչ միայն նիստերի դահլիճում, այլև Ազգային ժողովի ճաշարանում։

Նոր գումարման խորհրդարանի աշխատանքը մեկնարկելուց շուրջ տասներկու օր անց արդեն կարելի է նկատել, թե ովքեր են ակտիվորեն օգտվում ԱԺ ճաշարանից, ովքեր են նախընտրում բացօթյա սրճարանը, իսկ ովքեր էլ ընդմիջման ժամանակ անգամ չեն հեռանում իրենց աշխատասենյակից։

Մեր թղթակիցը նկատել է, որ ընդմիջումների ժամանակ ԱԺ ճաշարանում կարելի է հանդիպել գրեթե բոլոր խմբակցությունների ներկայացուցիչների։ Այստեղ հաճախ են ճաշում նաև ԱԺ փոխնախագահներ Վահագն Ալեքսանյանն ու Հայկ Կոնջորյանը։ Ընդհանուր առմամբ՝ ճաշարանը դարձել է պատգամավորների ոչ պաշտոնական շփումների վայր, որտեղ, նիստերի դահլիճից դուրս, քաղաքական տարբեր ուժերի ներկայացուցիչները հնարավորություն են ունենում ավելի անկաշկանդ շփվելու։

Հետաքրքիր է նաև կառավարության կազմից խորհրդարան տեղափոխված Արայիկ Հարությունյանի վարքագիծը։ Նա ևս պարտաճանաչ օգտվում է ԱԺ ճաշարանից, սակայն նրա պահվածքից կարծես թե դեռ նկատվում է խորհրդարանական նոր միջավայրին հարմարվելու փուլը։ Հարությունյանը համեմատաբար զուսպ է, քիչ է շփվում նոր գործընկերների հետ և հիմնականում ժամանակ է անցկացնում իր նախկին օգնական, այժմ ՔՊ խմբակցության պատգամավոր Սուրեն Հովհաննիսյանի հետ, որի հետ նախկինում աշխատել է կառավարությունում։

Իշխանական ՔՊ խմբակցության պատգամավորներն ակտիվորեն օգտվում են նաև խորհրդարանի բացօթյա սրճարանից։ Ստացվում է՝ ՔՊ-ականների համար ընդմիջումը միայն սնվելու ժամանակ չէ, այլ նաև միմյանց հետ շփվելու և աշխատանքային հարցերը քննարկելու առիթ։

Իսկ ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» խմբակցության դեպքում պատկերն էապես այլ է։

Նոր խորհրդարան մտած 29 հոգանոց խմբակցության անդամները, մեր դիտարկմամբ, ընդմիջման ժամանակ հիմնականում միասին են մնում խմբակցության աշխատասենյակում։ Ավելին՝ նրանց պատվիրած սնունդը ճաշարանից տեղափոխվում է հենց խմբակցության աշխատասենյակ։

Պատճառը, ըստ ամենայնի, միայն ճաշարանի նկատմամբ նախապատվությունը չէ։ Նորաստեղծ խմբակցությունը դեռևս ամբողջությամբ չի հարմարվել խորհրդարանական աշխատանքային ռեժիմին, իսկ պատգամավորների մեծ մասը շարունակում է հիմնական ժամանակը միասին անցկացնել նույն տարածքում։ Խմբակցության համար նախատեսված առանձին աշխատասենյակների հարցն էլ դեռ ամբողջությամբ կարգավորված չէ, ինչի հետևանքով 29 պատգամավորների առօրյան այս փուլում բավականին սերտորեն կապված է մեկ ընդհանուր աշխատանքային տարածքի հետ։

Այսպիսով, խորհրդարանի ճաշարանը, սրճարանն ու աշխատասենյակները կարծես թե դարձել են նոր ԱԺ-ի փոքրիկ «քարտեզը»։ Մի տեղում իշխանական պատգամավորներն են ակտիվ շփվում, մյուսում՝ փոխնախագահներն ու տարբեր խմբակցությունների ներկայացուցիչները, իսկ նոր ընդդիմադիր ուժը նախընտրում է ընդմիջումն անցկացնել գրեթե ամբողջ կազմով՝ մեկ հարկի տակ։

Թե որքան արագ կփոխվի այս պատկերը, ցույց կտա առաջիկա ամիսների խորհրդարանական առօրյան։ Բայց այս պահին ԱԺ-ի ընդմիջման ժամերը ոչ պակաս հետաքրքիր են, քան նիստերի դահլիճում տեղի ունեցող քաղաքական գործընթացները»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում