Ու՞մ ճամբարում կհայտնվի Վարդան Ղուկասյանը

Ինչպես արդեն տեղեկացրել են հայաստանյան լրատվամիջոցները, Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը երեկ հրաժարվել է ՀՀԿ-ի՝ Շիրակի մարզի կառույցի ղեկավարի պաշտոնից: «Շիրակ Կենտրոնի» տեղեկությունների համաձայն, Ղուկասյանի հրաժարականի պատճառը սեպտեմբերի 9-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններն են: Կայքը գրում է, թե իշխանություններն արգելել են Գյումրու քաղաքապետին կրկին առաջադրվել այդ պաշտոնին՝ փոխարենը պատրաստվելով առաջիկա ընտրություններին աջակցել ԱԺ պատգամավոր Սամվել Բալասանյանին: Շրջանառվող այլ լուրերի համաձայն Վարդան Ղուկասյանը նման ճակատագրի է արժանացել խորհրդարանական ընտրությունների ընթացքում ցուցաբերած ցածր արդյունավետության պատճառով: Նրա թերացումների պատճառով Գյումրիում հաղթել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչը, որը 26 հազար ձայն արդյունքով գրեթե կրկնապատիկ առավելության էր հասել Հանրապետական իր մրցակցի հանդեպ: Ինչևէ, Ղուկասյանի հրաժարականի պատճառներն այդքան էլ կարևոր չեն թվում հիմա: Ներկայումս, ավելի արդիական է այն հարցը, թե ինչ քաղաքական ապագա է սպասում Գյումրիի քաղաքապետին:

Շատերին կարող է այս հարցը առնվազն տարօրինակ թվալ, սսակայն հայաստանյան իրականության մեջ, որտեղ «նախկին» ոչինչ չկա, ցավոք, այս հարցն ավելի քան արդիական է: Facebook սոցիալական կայքում արդեն իսկ փորձում են պարզել, թե ո՞ր քաղաքական ուժը «ապաստան» կտա Վարդան Ղուկասյանին: Քննարկվում են բոլոր տարբերակները՝ ԲՀԿ-ից մինչ ՀԱԿ, «Մութ ուժերից» մինչ «Չակ Նորիս»: Եվ այս տրագիկոմեդիան ունի մեկ հստակ պատճառ. քաղաքական կուսակցությունների բացարձակ մեծամասնության ունայնությունը: Չունենալով ոչ քաղաքական, ոչ գաղափարական ռեսուրսներ և ոչ էլ սկզբունքայնության հատկություններ՝ ներկայիս կուսակցությունների բացարձակ մեծամասնությունը լրացուցիչ եկամուտների ակնկալիքով պատրաստ է իր շարքերում տեսնել ցանկացած մարդու՝ լինի նա հանցագործ թե բարերար, խուժան թե գիտնական: Եվ ուրեմն, Վարդան Ղուկասյանի առջև կարող են գործելու «հիանալի» ասպարեզներ բացվել: Ընտրությունն էլ մեծ է: Միայն թե հուսանք, որ իշխանական օղակներում նա այլևս անելիք չի ունենա, իսկ Գյումրին էլ կարժանանա բանիմաց և խելացի քաղաքապետի:

Հրանտ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում